Արտաշես Իկոնոմով. Պետության հանդեպ վստահության հարցը հիմնաքարային է - Mediamax.am

Հոկտեմբեր 14, 2025
exclusive
358 դիտում

Արտաշես Իկոնոմով. Պետության հանդեպ վստահության հարցը հիմնաքարային է


Արտաշես Իկոնոմովը
Արտաշես Իկոնոմովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշես Իկոնոմովը
Արտաշես Իկոնոմովը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի հարցազրույցը «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովի հետ

 

- 2023 թվականի հունիսին Դուք ասում էիք, որ պետք է մի կողմ դնել սեփական «ես»-ը՝ «մենք»-ի փոխակերպվելու համար։ Դուք հանդես եք եկել որպես «ՆԺԱՐ» շարժման համահիմնադիրներից մեկը՝ արդյո՞ք դա նշանակում է, որ որոշել եք գործնականում ստեղծել այս «մենք»-ը։

 

- Այո, այդպես է։ Դեռեւս 2023 թվականի մայիսին ես եւ ընկերներս այն եզրակացության եկանք, որ մեր պետության անհաջողությունների պատճառն այն է, որ մեր բնակչությունը չափազանց մասնատված է։ Բնականաբար, յուրաքանչյուրն ունի իր սեփական «ես»-ը, սակայն այն չպետք է գերակշռի, երբ խոսքը գնում է պետականաշինության մասին։

 

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ հնարավոր դարձավ նոր, անկախ հայկական պետության կառուցումը, այն ժամանակվա ղեկավարները՝ անփորձ եւ անպատրաստ լինելով, չկարողացան կազմակերպել ինստիտուտների աշխատանքն այնպես, որ Հայաստանի քաղաքացիները իրենց պետությունը ընկալեն որպես գործընկեր, այլ ոչ թե որպես թշնամի, որը միշտ փորձում է ինչ-որ բան խլել քաղաքացուց։

 

Պետության նկատմամբ վստահության հարցը հիմնաքարային է։ Երբ այն առաջանա եւ հաստատվի, ավելի հեշտությամբ «մենք» կդառնանք, եւ միայն այդ դեպքում մեր պետությունը կունենա իր սեփական «ես»-ը։

 

Սեփական «ես»-ով պետությունը կկարողանա երաշխավորել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։ Նման պետությունը ներդրումների համար գրավիչ եւ, համապատասխանաբար, տնտեսապես զարգացած կլինի։ Մեր «ՆԺԱՐ» սահմանադրական շարժումն հենց այդպիսի պետություն կառուցելու նախագիծ է առաջարկում։

 

-Այն իրավիճակում, երբ Հայաստանի ապագան երաշխավորված չէ, դուք, ըստ էության, առաջարկում եք նոր տեսակի պետության կառուցում: Որքանո՞վ է դա իրատեսական եւ արդարացված հիմա, երբ երկիրը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջեւ։

 

- Մենք առաջարկում ենք պետական կառավարման կառուցվածքի գլոբալ փոփոխություններ, քանի որ ունենք տեսլական եւ հասկանում ենք, թե որտեղ է շարժվում աշխարհը։

 

Մենք գիտակցում ենք, որ տնտեսության, արտաքին եւ ներքին քաղաքականության, ինչպես նաեւ պաշտպանության եւ սոցիալական համակարգերի զուտ տեղային փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ չեն լինի։

 

Անկասկած, կարելի է հույս դնել ազնիվ եւ պրոֆեսիոնալ ղեկավարների վրա, եթե այդպիսիք իշխանության գան, եւ նրանցից օգտակար փոփոխություններ ակնկալել: Բայց որ՞ն է երաշխիքը, որ նրանց չեն հետեւի պոպուլիստները, եւ չի կրկնվի վերջին 35 տարիների գործելակերպը։

 

Ուստի հենց հիմա, երբ աշխարհը գլոբալ փոփոխությունների շեմին է, հարկավոր է միավորվել եւ իրականացնել փոփոխություններ, որոնք կկանխեն պատահական մարդկանց եւ պոպուլիստների իշխանության գալը առաջիկա հարյուր տարվա ընթացքում: Մեզ անհրաժեշտ են ինստիտուտներ, որոնք թույլ կտան ձեւավորել բարձր պրոֆեսիոնալ էլիտա։

 

Բացի դրանից, կենսականորեն կարեւոր է այս հարցում միավորել ուժերը սփյուռքի հետ եւ համատեղ կառուցել ուժեղ հայկական պետություն։ Մենք առաջարկում ենք, որ խորհրդարանի վերին պալատում ներկայացված լինի սփյուռքը, որի հետ կխորհրդակցեն, եւ որին էլ, իր հերթին, կաջակցի հայկական պետությունը։

 

- Դուք Նինա Կարապետյանցին առաջադրել եք Հայաստանի վարչապետի պաշտոնում: Կարո՞ղ է դա ինչ-որ իմաստով այն փաստի արձանագրումը լինել, որ Հայաստանում տղամարդ քաղաքական գործիչները սպառել են հանրության վստահությունը։

 

- Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում. այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա սահմանադրության պահանջներին համապատասխանող որեւէ տղամարդ գործիչ, որը արժանի թեկնածու կլինի՝ բարձր բարոյական սկզբունքներով օժտված անձնավորություն, որը պայքարել է բոլոր նախորդ ռեժիմների դեմ՝ օրենքի գերակայություն հաստատելու համար։

 

Նինա Կարապետյանցը գերազանցում է այսօրվա բոլոր թեկնածուներին: Նա փորձառու ղեկավար է եւ ազնիվ մարդ եւ, ամենակարեւորը, բարձր բարոյական արժեքների տեր մարդ: Նինա Կարապետյանցը երկու երեխաների մայր է: Նրա զորակոչային տարիքի որդին ունի, եւ, բնականաբար, գնահատում է խաղաղությունը եւ կանի ամեն ինչ, որպեսզի հայ երեխաները ապրեն խաղաղ երկրում։ 

 

- Հաճախ կարելի է լսել, որ նոր եւ փոքր քաղաքական ուժերը ի վիճակի չեն լինի հաղթանակի համար պայքարել առաջիկա ընտրություններում եւ միայն «փոշիացնելու են ձայները»: Ի՞նչ կարող եք հակադրել այս կարծիքին:

 

- Մեր խնդիրն է միավորել բոլոր առողջ ուժերը եւ մեր ակտիվ ընտրողին ներկայացնել մի ծրագիր, որն իսկապես կփոխի իրավիճակը երկրում։

 

Ծրագիր, որը բժիշկներին, ուսուցիչներին եւ զինվորականներին կդարձնի ամենահարգված մարդիկ, ծրագիր, որը հնարավորություն կտա շատ գումար վաստակել, բայց ամոթալի կդարձնի սեփական հարստության ցուցադրումը։

 

Մեր առաջարկած ծրագիրը նախադեպեր չունի։ Բոլոր մյուս ուժերը պահարաններից հանում են վաղուց գրված տեքստերը, դրանցում փոխում են թվերը, սկսում աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում, ցածր հարկեր եւ հազարավոր գործարանների կառուցում խոստանալ։ Այդ ամենը անհեթեթություն է։ Եթե մենք չփոխենք պետության կառավարման կառուցվածքը, կշարունակենք ավելի ու ավելի ավտորիտար առաջնորդներ ունենալ, որոնց ստիպված են լինելու իրենց աթոռներից աքցաններով պոկել։

 

Մեր մոդելը կմիավորի այն ուժերին, որոնք միանձնյա կառավարման չեն ձգտում։ Այն նաեւ կծառայի որպես լակմուսի թուղթ՝ թույլ տալով հասկանալ, թե ով է ձգտում իշխանության, իսկ ով է իրական փոփոխություններ ուզում։

 

Մենք արդեն բանակցություններ ենք վարում բազմաթիվ քաղաքական ուժերի հետ եւ վստահ ենք, որ ոչ միայն կանցնենք խորհրդարան, այլեւ մեր հաղթանակը ջախջախիչ է լինելու։

 

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր իշխանության գալը, եւ ի՞նչը կարող է խանգարել դրան։

 

- Մեր ռազմավարությունը ենթադրում է մոտավորապես 600,000 ձայն հավաքագրել, որոնց մեծամասնությունը երիտասարդներ կլինեն: Մենք վստահ ենք, որ թոշակառուները եւս կաջակցեն մեզ, երբ հասկանան, թե ինչպես ենք պատրաստ իրենց կենսաթոշակները բարձրացնել100%-ով: Սա նախընտրական խոստում չէ, այլ իրականություն, որը մենք կարող ենք մաթեմատիկորեն ապացուցել։

 

Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր երկիրը եւ պատրաստ են մեզ հետ միասին սկսել կառուցել մեր երազանքի պետությունը։

 

Սակայն մեր ճանապարհին նաեւ լուրջ խնդիրներ կան: Առանցքայիններից մեկը Առաջին ալիքն է, որը թեեւ Հանրային է կոչվում, բայց իրականում այդպիսին չէ: Այն դարձել է կառավարության քարոզչական խոսափողը: Հեռուստաալիքի ղեկավարությունը, եւ, մասնավորապես, հաղորդավար Պետրոս Ղազարյանը, ում կինը նախարար է, բացահայտորեն պաշտպանում է իշխող կուսակցության շահերը։

 

Ընդդիմադիր այն ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ գործարքի չեն գնում, նրանք փորձում են անտեսել։ Իսկ եթե նրանց հրավիրում են եթեր, ապա դիմում են կեղտոտ հնարքների. թույլ չեն տալիս ազատ խոսել, ընդհատում են, անթույլատրելի պիտակներ կպցնում՝ չխորշելով նաեւ բացահայտ զրպարտությունից։

 

Սա լրջագույն խնդիր է։ Եթե մենք չվերադարձնենք Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը եւ այնտեղից չվտարենք իշխող կուսակցության քարոզիչներին, չափազանց դժվար կլինի մեր ձայնը լսելի դարձնել մարզերում։ Բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթել նույնիսկ ընտրություններից առաջ եւ վերադարձնել Հանրային հեռուստաընկերությունը մեր հասարակությանը։

 

- Ձեր շարժման փաստաթղթերում ասվում է. «Մենք գալիս ենք ձեւավորելու մի համակարգ, որտեղ իշխանությունը պատկանում է իր միակ տիրոջը՝ ինքնորոշված հասարակությանը»: Արդյո՞ք հասարակությունը «ինքնորոշվելու» ցանկություն ունի: Դժվար է չնկատել այն ապատիան, որը տիրում է հասարակության զգալի մասի մոտ։

 

- Հասարակության մեջ ապատիան առաջացրել եւ շարունակում են առաջացնել բոլոր այն առաջնորդները, ովքեր ընտրություններից առաջ միշտ ստում են, իսկ հաղթանակից հետո ապրում են իրենց եւ իրենց բարեկամների համար։ Մեր հասարակության մեջ մարդիկ միշտ պատրաստ են եղել ինքնորոշման որպես ժողովուրդ, բայց իշխանությունները ամեն կերպ խոչընդոտել են դրան, քանի որ միասնական եւ ինքնորոշված ժողովուրդը սպառնալիք է իշխանության մեջ գտնվող ավտոկրատների եւ խարդախների համար։

 

Այդ պատճառով նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի կանխեն մարդկանց ինքնորոշումը՝ չնայած դրա ներքին կարիքին։ Եվ ժողովուրդը ստիպված եղավ ընտրել այլ ճանապարհ՝ իր անվտանգությունը ապահովելու համար մի երկրում, որտեղ օրենքներն ու արդարադատությունը չեն գործում։ Նման իրավիճակում 

հույսը կարելի է դնել միայն ընտանեկան, ընկերական եւ քավոր-սանիկական կապերի վրա։

 

Գոյատեւման եւ միավորման այս մեթոդը պետք է ատավիզմ դառնա։ Մեր երկիրը պարտավոր է իրավական դաշտ մտնել ինքնորոշված ժողովրդի հետ միասին։

 

- Հայաստանի ընտրողների մեծ մասը չի մասնակցում ընտրություններին, եւ այդ պայմաններում գործող իշխանությունները կարողանում են մոբիլիզացնել իրենց ընտրազանգվածը: Ինչպե՞ս եք նախատեսում վերականգնել մարդկանց վստահությունը ընտրությունների նկատմամբ։

 

- Ինչպես ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները, բնակչության մոտ 70%-ը անտեսում է դրանք մեկ պարզ պատճառով. չկա իրական, նոր եւ ազնիվ ուժ, որը կարող է վստահություն ներշնչել: Այդ 70%-ը ակտիվ քաղաքացիներ են, որոնք նախկինում մասնակցել են ընտրություններին, բայց հիմա մերժում են եւ՛ հին, եւ՛ ներկայիս ղեկավարներին։

 

Մենք մարդիկ ենք, ովքեր երբեւէ որեւէ իշխանության մաս չեն կազմել: «ՆԺԱՐ»-ը մարդկանց միավորում է, ովքեր երբեք մոտ չեն եղել իշխանության մեջ գտնվողներին, միշտ հանդես են եկել օրենքի եւ իրավունքի գերակայության օգտին եւ երբեք պետական պաշտոնյայի աշխատավարձ չեն ստացել: Ի տարբերություն ռեժիմի շատ ծառաների՝ նրանց հսկայական աշխատավարձերով, մենք նոր մարդիկ ենք՝ գործնական գաղափարներով։

 

Մենք մարտիկներ ենք, ում պատմությունը ինքն է խոսում իր մասին: Անգամ մեր կանայք ավելի խիզախ են, քան այսպես կոչված «նոր հին» քաղաքական գործիչները: Կասկած չունեմ, որ ժողովուրդը դուրս կգա եւ կքվեարկի մեր օգտին: Մարդիկ ազնվությունն ու մաքուր էներգիա զգում են անգամ հեռախոսի էկրանի միջոցով:

 

- Ենթադրվում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում դուք կնախաձեռնեք սահմանադրական փոփոխություններ, ինչը ժամանակ կպահանջի: Ինչպե՞ս է կառավարվելու երկիրը մինչեւ դրանց իրականացումը։

 

- Ընտրություններին գնալու ենք միասնական կոալիցիայով: Նախքան ընտրական գործընթացի մեկնարկը մենք կներկայացնենք Նինա Կարապետյանցի գլխավորած ստվերային կառավարությունը, որը կհրապարակի մարտավարական ծրագիրը: Դրանում կուրվագծվեն անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումները եւ 3-5 տարվա աշխատանքային պլանը՝ ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտներում:

 

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա հանրաքվեն կանցկացնենք իշխանության գալուց հետո 1,5-2 տարվա ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին