Նիկոլ Փաշինյանը «պատասխանել է վերջին 7 տարվա ամենակարեւոր հարցին» - Mediamax.am

355 դիտում

Նիկոլ Փաշինյանը «պատասխանել է վերջին 7 տարվա ամենակարեւոր հարցին»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ուղերձում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի հարցի, որն, իր խոսքով, «թերեւս ամենակարեւորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար»։

«Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի։ 

 

Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, եւ այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական եւ հետաքրքիր գործընկեր»։

 

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է.

 

«Մենք գնում ենք այս ճանապարհով եւ այդ ճանապարհին անցնելով դժոխային փորձությունների միջով՝ հասել ենք անհավանական թվացող հանգրվանի․ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբեւէ, ավելի ինքնիշխան է, քան երբեւէ, ավելի պետություն է, քան երբեւէ, ավելի բարեկեցիկ է, քան երբեւէ, ավելի հեռանկարային է, քան երբեւէ, որովհետեւ խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է եւ այն պետք է ամենօրյա խնամքի եւ հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ»։ 

 

Խոսելով բուն Անկախության հռչակագրի մասին, վարչապետն ասել է.

 

«Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին եւ արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետեւողականորեն մեզանում սերմանվել էր 1950–ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման եւ սառը պատերազմի մեկնարկի միջավայրում։ 

 

Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձեւավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած եւ հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արեւմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։

 

Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների/թատերական ներկայացումների միջոցով եւ այսպես ձեւավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք՝ բոլորս, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք, ԽՍՀՄ կողմից ձեւավորված այդ սոցիալ–հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված սերունդներին եւ այդ սոցիալ-հոգեբանության խորքային եւ ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետեւ շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել։ 

 

Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության եւ իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին