Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհը արտաքին կառավարմանը հանձնելու լուրը:
«Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն: Մենք այդ գործընթացը պատկերացնում ենք ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության շրջանակում։ Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր ՀՀ–ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան. օրինակ, «Զվարթնոց» օդանավակայնի, ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է։ Նախկինում ունեցել ենք փորձ «Հայփոստի» արտապատվիրակման։ Հայաստանի երկաթուղիների կառավարումը արտապատվիրակված է։ Այստեղ նրբությունն այն է, որ բոլոր այդ համակարգերը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը։ Սա շատ կարեւոր է արձանագրել»,- ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ներկայում քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում, որը «կներգրավի ներդրումներ, քանի որ «Խաղաղության խաչմերուկը» ահռելի ներդրումային ներուժ ունի».
«Որոշակի գործոններով մենք պետք է կարողանանք կոնսոլիդացնել այդ հետաքրքրությունները։ Մենք ավելի շատ խոսում ենք ավտոճանապարհի ու երկաթուղու մասին, բայց կարող է խոսք լինել նաեւ խողովակաշարերի, էլեկտրահաղորդագծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին։ Սա մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի ու կառավարվի։ Դա պետք է եւ կարող է լինել Հայաստանի սեփականությունը։ Խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է։
Բացի այդ, նաեւ վարձակալության մասին է խոսվում։ Քննարկվում է նաեւ հողի վարձակալության թեման։ Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք եւ այդ իրավունքով տրվող ներդրումները այդ պայմանագրի լրանալուց հետո դառնում են Հայաստանի սեփականությունը»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «կա խաղաղության համաձայնագրի նախաստորագրման գաղափար»:
«Այդ ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու: Նախաստորագրման գաղափարը սեղանին է, քննարկվող մենյուի տարբերակներից մեկն է: Այն կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի, իրատեսական, որոշակի պայմաններում՝ չլինել: Աշխարհը դինամիկ է, պետք է մոտենալ հարցերին ճկուն, ուշադիր լինել, որ չստացվի՝ հարցին նայում ենք ու չենք տեսնում առկա հնարավորությունները»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: