Երեւան: Մեդիամաքս: Կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն այսօր հայտարարություն է տարածել:
Դրանում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
մեր առաջին իսկ հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը. մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել հուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիություն ցուցաբերած տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին։
Անկեղծորեն շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվեցին։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։
Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին եւ գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։
Մերժելու ենք սեւ-սպիտակի եւ արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։
Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։
Մեր քաղաքական թիմի ձեւավորումը մեկնարկել է։
Անելո՛ւ ենք՝ մեր ձեւով»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: