Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի «հայտարարությունը ոչ թե եկեղեցու մասին էր, այլ՝ Հայաստանի»։
«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են ինչ-որ մարդիկ գալ ինչ-որ տեղերից ու իրենց ձեւերով ինչ-որ բան անել։ Հայաստանն ունի արձագանքի կոնկրետ լծակներ ու ես չեմ հանդուրժի, որ որեւէ մեկի լեզուն պտտվի այդպիսի բան ասել:
Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու Հայաստանում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք, բայց Հայաստանին սպառնալ որեւէ մեկը չի կարող։ Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա կարծիք է հայտնել, որ «Սամվել Կարապետյանի հայտարարությունը կապ չունի եկեղեցու եւ եկեղեցու շահերի հետ».
«Կառավարության անդամներին մեկ ամիս ժամկետով հանձնարարական էի տվել՝ կամ թող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը վերականգնի ժողովրդին հասցված վնասը, կամ ՀԷՑ-ը կազգայնացվի։ ՀԷՑ-ը էներգետիկ ճգնաժամ է ստեղծում, որ ներքին դժգոհություն լինի։ Այս ակտիվացումը կապված է հենց այս գործընթացների հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծ կներկայացվի ԱԺ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: