Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ղարաբաղյան շարժման շարունակությունը կործանարար է պետականության համար»:
«Շուրջ 30 տարի կառուցվել է պետության մի մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետեւ բոլորս հաշտ ենք եղել այդ մոդելի ու նպատակադրման հետ, ինքնս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ մինչեւ այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ՝ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց՝ կամաց-կամաց հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա եւ մեր պետականությանը վերջ դնելու համար»,- Ազգային ժողովում հայտարարել է նա:
Նա եւս մեկ անգամ կրկնել է, որ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է».
«Կառավարող մեծամասնությունն ու անձամբ ես ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը եղել է եւ լինելու է գործիք՝ Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար, մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել:
29.743 քառ. կմ տարածքով ՀՀ-ն ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք-պետությունն է, եւ մեր վերջնական հանգրվանը որպես ժողովուրդ»:
Մեդիամաքսը նշում է, որ այս թեմայով Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսել էր ս.թ. մարտի 26-ին՝ ասելով, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: