Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 14-ին ծավալուն ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում:
Ներկայացնում ենք հատվածներ ելույթից (ենթավերնագրերը մերն են-Մեդիամաքս):
Սխալները ճակատագրական չեն եղել
«Անշուշտ, բազմաթիվ ձեռքբերումների կողքին անխուսափելիորեն, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, կուսակցությունն ունեցել է նաեւ սխալներ ու թերացումներ, որոնց մենք ինքներս էլ անդրադարձել ենք՝ քննարկել ու քննադատել, բայց դրանք չեն եղել ճակատագրական մեր պետության եւ ժողովրդի համար»:
Ոչ հեռու անցյալը մաքրելու մասին
«Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում եւ մեզնից գործողություններ են պահանջում նաեւ նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սեւ ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով:
Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ:

Լուսանկարը` ՀՀԿ
«Մեզնից մեզ պաշտպանեիք» թեզը
«Թողեք, թող աշխատեն» թեզը միայն հիմա, չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են «մեզնից մեզ պաշտպանեիք» թեզը, ասելով՝ մենք պահանջում էինք իշխանությունից հեռանալ, դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորելու գնով մնայիք իշխանության: Նրանք՝ նման բան ասողները, առնվազն ազնիվ չեն. եւ՛ ես, եւ՛ նրանք, եւ՛, իհարկե, դուք՝ այստեղ գտնվողներդ, շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կարտասանեին այսօր մեզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրավունքների բազում պաշտպաններն իրենց տերերի ցուցումով ինչ ջանասիրությամբ կլծվեին գործի»:
Ու՞մ ենք պարտվել
«Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ եւ իբրեւ թե ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել:
Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող եւ ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի եւ Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները եւ հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչեւ չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները»:
Հիբրիդային պատերազմի շարունակությունը
««Խաղաղության համաձայնագիր» բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող եւ իրականությունից հեռու։ Չմոռանանք նաեւ, որ համաձայնագիրը պետք է ունենա առնվազն երկու կողմ, իսկ այսօրվա գործընթացում միայն մեկ կողմ է երեւում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացահայտ եւ քայլ առ քայլ իր պայմաններն է թելադրում: Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում առկա են ծանրակշիռ դիվանագիտական հիմնավորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։

Լուսանկարը` ՀՀԿ
Հիմնավորումները կան, պաշտպանողը չկա։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով եւ միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռեւս կարելի է փոխել իրավիճակը: Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաեւ համարժեք իրավական գնահատականի։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդամենը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպես ներկայացնի: Դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլեւս անթաքույց տարվող արցախուրաց քաղաքականություն»:
Անհրաժեշտ են պատվախնդրություն եւ հավատ
«Գիտեմ, որ ժամանակն անցնում է, վտանգները գնալով ավելի առարկայական են դառնում, իսկ մարդիկ հոգնել են խոսքեր ու խոստումներ լսելուց, անարդյունավետ պայքարից եւ ուզում են արդյունք տեսնել: Պրուսիայի համար ծանր օրերին կանցլեր Բիսմարկը գերմանացի ժողովրդին «արյուն եւ երկաթ» էր առաջարկում, Միացյալ Թագավորության համար օրհասական պահին վարչապետ Չերչիլը՝ «քրտինք, արցունք, արյուն եւ ծանր աշխատանք»։

Լուսանկարը` ՀՀԿ
Որպես ՀՀ երրորդ նախագահ եւ Հանրապետական կուսակցության ղեկավար, ես վստահաբար ասում եմ, որ ամենից առաջ այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են պատվախնդրություն եւ հավատ, առաջին հերթին՝ սեփական ուժերի նկատմամբ։ Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, առավել եւս՝ ապրելու մեր սովորական, բնականոն կյանքով, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել հետեւողական, համառ, ծանր աշխատանքի արդյունքում: Ոչ մի ժողովուրդ առանց այս ճանապարհն անցնելու հաջողության չի հասել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: