Երեւան: Մեդիամաքս: «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները»:
Այդ մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:
Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:
Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:
Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: