«Պարտության միջով անցնելով` ձեռք ենք բերել անկախ պետություն ունենալու հնարավորություն» - Mediamax.am

504 դիտում

«Պարտության միջով անցնելով` ձեռք ենք բերել անկախ պետություն ունենալու հնարավորություն»


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «պարտության միջով անցնելով` ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»:

Այդ մասին նա ասել է՝ Վաշինգտոնում հանդիպելով ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

«Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն։

 

Ո՞րն է այդ փոփոխությունը: Այն, որ Հայաստանի Հանրապետությունն է բարձրագույն ազգային նպատակը: Հետեւաբար՝ շատ կարեւոր է կենտրոնանալ նաեւ Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակության խնդրի վրա։

 

Այս գաղափարախոսությունն է միայն, որ Հայաստանի Հանրապետությանը

լինելիության շանս է տալիս։ Իհարկե, եթե մենք այս գաղափարախոսությունը որդեգրած լինեինք շատ ավելի վաղ, գուցե ավելի մեծ երաշխիքներ կունենայինք, որ այն կապահովի Հայաստանի լինելիությունը, բայց դա արդեն զուտ մտավարժանքի եւ հետահայաց վերլուծության թեմա է», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Այստեղ թաքցնելու բան չկա. այո, մենք եկել ենք այս ամենին 44-օրյա պատերազմում պարտության եւ այդ պարտության պատճառները վերլուծելու եւ հասկանալու բերումով։ Այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել, որ այդ պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ «մեր նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել»։

 

«Այս թեմայի մասին շատ երկար եմ մտածել եւ իմ մոտ ձեւավորվել է համոզմունք, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար են եղել եւ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա», - ավելացրել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին