Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «անվտանգային խնդիրների հասցեագրումը մենք տեսնում ենք ինքնիշխանության, անկախության ամրապնդմամբ»:
«Այն մոդելը, որ մենք պրոբլեմներ կունենանք մեր հարեւանների հետ եւ այդ պրոբլեմների մեջ մեզ պաշտպանելու համար կհրավիրենք ուրիշներին, էական չէ՝ որ ուրիշներին, խոցելի մոդել է: Այդ ուրիշները որեւէ պահի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, շատ դեպքերում չուզենալով, շատ դեպքերում իրենք իրենց խնդիրները լուծելու համար կարող են ուղղակի այստեղ չլինել, կամ նույնիսկ ցանկանալու դեպքում չկարողանալ օգնության հասնել», - ասել է Փաշինյանը Politico Europe պարբերականին տված հարցազրույցում, որի ամբողջական սղագրությունը հրապարակվել է վարչապետի կայքում:
«Հետեւաբար, մեր ռազմավարությունն է՝ փորձել ահա այս իրավիճակը, կամ արտաքին օգնությունների անհրաժեշտությունից կախված լինելու մակարդակը հնարավորինս նվազեցնել: Բայց սա տեսություն է, որն իրականացնելը չափազանց բարդ է առավել եւս մեր տարածաշրջանում, որտեղ ունենք խորը սոցիալ-հոգեբանական, պատմական, աշխարհաքաղաքական խնդիրներ», - նկատել է ՀՀ վարչապետը:
Արձագանքելով լրագրողի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է.
««Գազպրոմը» գազ է մատակարարում բազմաթիվ երկրների: Դրանք գործոններ են, որոնց դերը, իհարկե, չի կարելի թերագնահատել, բայց մյուս կողմից պետք էլ չէ գերագնահատել: Այո, գազը կարեւոր: Բայց կրկնում եմ՝ հենց անկախությունը, ինքնիշխանությունը եւ պետականությունը նրա համար են, որ հիմնված չլինեն մեկ գործոնի վրա, գազի կամ որեւէ այլ մեկ գործոնի վրա: Եվ ես կարծում եմ, որ գազ եւ անկախություն հասկացությունները նույն հարթության վրա դնելն այդքան էլ ճիշտ չէ»:
Խոսելով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահների մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է.
«2020թ. նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում անվտանգային շատ սուր իրադրություններ են տեղի ունեցել՝ շփման գծի խախտումներ, Լեռնային Ղարաբաղի տարածքի ներխուժումներ, Լաչինի միջանցքի փակումը եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը։
Սրանք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության տիրույթում գտնվող հարցեր են: Եվ այս առումով, այնքանով, որքանով այս պրոբլեմներն առաջացել են, այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը: Բայց մյուս կողմից ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա իրադրությունն ավելի լավ կլիներ»:
Հայաստանի վարչապետը նաեւ ակնարկել է, որ ավելի մեծ ակնկալիքներ ունի Արեւմուտքից.
«Եվրամիության կողմից Հայաստանում քաղաքացիական առաքելության հաստատումը Հայաստան-Ադրբեջան սահմանին համարում եմ բավականին լուրջ աջակցություն, որի համար ես մեր գործընկերներին անընդհատ շնորհակալություն եմ հայտնում։ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները մեզ աջակցում են նաեւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը հասցեագրելիս։ Բայց ես չեմ կարող ասել, որ այն օգնությունը եւ աջակցությունը, որ մենք ստանում ենք, բավարար է մեր խնդիրները եւ օրակարգերը սպասարկելու համար։ Բայց մյուս կողմից էլ, մենք ակտիվ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ մեր դիրքորոշումները նրանց ավելի հասկանալի դարձնելու եւ որպես արդյունք՝ ավելի մեծ աջակցություն ստանալու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: