Փաշինյան. Հայոց Ցեղասպանությունը տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման հետեւանք էր - Mediamax.am

7967 դիտում

Փաշինյան. Հայոց Ցեղասպանությունը տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման հետեւանք էր


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ Ռուսաստանը ստիպված էր լքել տարածաշրջանը:

Այդ մասին նա ասել է ֆրանսիական AFP գործակալությանը տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է վարչապետի կայքում: Պատասխանելով ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Աշխարհում ոչ մի կազմակերպություն հավերժ չէ, և յուրաքանչյուր երկիր որոշում կայացնում է՝ ելնելով իր շահերից: Այն խնդիրը, որ ունեցել ենք և ունենք ՀԱՊԿ-ի արդյունավետության ու պարտավորությունների կատարման ուղղությամբ, թափանցիկ այդ հարցերը քննարկում ենք մեր գործընկերների հետ:

 

Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ: Շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից:

 

Ավելին՝ կան շատ փորձագետներ, որոնց գնահատականն այն է, որ Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից: Դա, իհարկե, թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց, ցավոք, մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է: Ի վերջո ինչի՞ հետևանք էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ: Բնականաբար, այդ վերլուծություններն ավելի ահագնացան, ավելի սրվեցին վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած բոլորիս հայտնի իրադարձությամբ, ճիշտ է մեկուկես օր տևեց այդ իրադարձությունը, բայց տասնյակ վերլուծական, փորձագիտական տեղեկանքներ եմ ստացել այդ մեկուկես օրվա ընթացքում, որ սա 1915 թվականի սցենարն է:

 

1915, 1917, 1918 թվականներ՝ անկայունություն Ռուսաստանում, Ռուսաստանի ստիպված հետքաշումը՝ դուրս գալ տարածաշրջանից և հայ ժողովրդի ցեղասպանության ենթարկվելը: Բայց հիմա ամբողջ խնդիրն այն է, որ 1915-ին հայ ժողովուրդը պետականություն չուներ, պետություն չուներ, որն ուներ պարտավորություն՝ ապահովելու սեփական ժողովրդի անվտանգությունը: Հիմա ունի պետություն և պետության քաղաքականությունը պիտի կառուցվի այս տրամաբանության մեջ, որովհետև հավանականությունը, որ մի օր մենք կտեսնենք, որ Իրանը կամ Թուրքիան այստեղից գնացել են, զրո է», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին