Ռասմուսեն. Պետք է հասկացնենք Ալիեւին, որ հետեւանքներ են լինելու - Mediamax.am

exclusive
6356 դիտում

Ռասմուսեն. Պետք է հասկացնենք Ալիեւին, որ հետեւանքներ են լինելու


Անդերս Ֆոգ Ռասմուսենը
Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` REUTERS

Անդերս Ֆոգ Ռասմուսենը
Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` REUTERS

Անդերս Ֆոգ Ռասմուսենը
Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Անդերս Ֆոգ Ռասմուսեն

 

Այսօր բոլորի ուշադրությունը իրավացիորեն ուղղված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին։ Բայց դա պատճառ չէ անտեսելու եւս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի դռանը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը կրկին աճում է, ինչը հղի է նոր պատերազմով:

 

Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերից ի վեր, բնապահպանական բողոքի պատրվակով, միջանցքն արգելափակվել է ադրբեջանցիների կողմից։ Դա ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ։

 

«Ցուցարարները» արգելափակում են քաղաքացիական եւ առեւտրային երթեւեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ, իսկ Amnesty International-ը զգուշացնում է, որ մոտ 120 000 էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից եւ ծառայություններից, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներից եւ բժշկական օգնությունից:

 

2020 թվականի հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին երկու ուղղություններով։ Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին Ադրբեջանից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա համար։ Բայց անցել է մեկ ամիս, եւ ոչինչ չի փոխվել։

 

Թեեւ միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է հսկեն երթուղին, նրանք անգործության են մատնվել։ Եթե Եվրոպան եւ ավելի լայն միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է հումանիտար աղետի վերաճել։

 

Ադրբեջանը օգտագործում է շրջափակումը եւ այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղը խեղդելու համար. բնակիչներին հաճախ արգելում են վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրականությունը պարբերաբար անջատվում են առանց նախազգուշացման կամ բացատրության: Նպատակն ակնհայտորեն հայ բնակչության կյանքը հնարավորինս դժվարացնելն է, եւ մոտալուտ էթնիկ զտումների լուրջ վտանգ կա։ Մենք չպետք է փակենք մեր աչքերը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` REUTERS

Ադրբեջանական ռեժիմը շարունակում է թերագնահատել շրջափակման հետեւանքները կամ հերքել դրա գոյության փաստը: Սակայն նրանք հրաժարվում են միջազգային դիտորդներին իրավիճակը գնահատելու հնարավորություն ընձեռել։ Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրն է միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործող փաստահավաք առաքելություն։ Մենք պետք է հստակորեն հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետեւանքների կբախվի, եթե շարունակի անտեսել Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող որոշումը։

 

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից ձեռք բերված սպառազինության շնորհիվ։ Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց հենց Հայաստանի տարածքը, այդ թվում՝ ռազմավարական դիրքերը Ջերմուկ քաղաքի շուրջ։

 

Թեեւ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, իր ինքնիշխան տարածքի վրա այս հարձակումից հետո ոչ մի աջակցություն չեղավ։ Հայաստանը մնաց խոցելի ու միայնակ։

 

Ադրբեջանն իր զորքերը թողեց հայկական տարածքում եւ հրաժարվեց վերադարձնել հայ ռազմագերիներին։ Խաղաղության բանակցությունները փակուղի են մտել, եւ կան հստակ նշաններ, որ Ադրբեջանը կարծում է, որ կարող է ավելիին հասնել ռազմական ճանապարհով, քան խաղաղ բանակցությունների միջոցով: Չի կարելի բացառել, որ առաջիկա ամիսներին Հայաստանի վրա հարձակումները կվերսկսվեն։

 

Քանի որ Ռուսաստանը՝ Հայաստանի անվտանգության ավանդական մատակարարը, ի վիճակի չէ կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել են դա։ Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն Հայաստան է ուղարկել քաղաքացիական առաքելություն՝ Ադրբեջանի հետ սահմանը հսկելու համար։

Անդերս Ֆոգ Ռասմուսենը Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` REUTERS

Բայց դեռ շատ անելիք կա։ ԵՄ առաքելությունը, որը ներկայում տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի՝ վերահսկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը։ Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիեւի կառավարության վրա, որպեսզի այն թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջան: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարողանա դադարեցնել մարտական գործողությունները, սակայն ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա՝ բանակցությունները ռազմական առճակատումից գերադասելու համար։

 

Անցած տարվա ընթացքում ԵՄ-ն ավելի սերտ տնտեսական կապեր է հաստատել Ադրբեջանի հետ՝ ռուսական գազից եւ նավթից հրաժարվելու պատճառով: Բայց ԵՄ առաջնորդները պետք է հասկացնեն Ալիեւին, որ թույլ չեն տա նրան գործել անպատիժ, եւ որ Եվրոպայի կարճաժամկետ առեւտրային շահերը չեն գերակայի նրա արժեքներին կամ երկարաժամկետ շահերին Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման հարցում։ Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճիռները, նա պետք է բախվի քաղաքական եւ տնտեսական հետեւանքների:

 

Հայաստանը ձեւավորվող ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ հարեւանությամբ: Քանի որ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, Եվրոպան պետք է ավելի կարեւոր դեր խաղա տարածաշրջանում: Սա բարեգործություն չէ։ Ընդհանուր շահերից է բխում գործել հիմա՝ կանխելու հերթական խոշոր հակամարտությունը կամ նույնիսկ էթնիկ զտումը մեր ետնաբակում:

 

Copyright: Project Syndicate, 2023.

www.project-syndicate.org

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին