Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանից գումար են վերցրել ու զենք չեն մատակարարում, վերաբերում է Ռուսաստանին:
«Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Կարծում եմ՝ եթե նման բան կա, գուցե, դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ»,-ասել է նա:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ առաջիկայում պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա:
«Քննարկելու եմ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, քննարկելու եմ նաեւ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է եւ մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք», - ասել է ԱԺ նախագահը:
Հարցին, թե գուցե եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը, ԱԺ նախագահը պատասխանել է, որ շատ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից:
«Եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք, բայց, միեւնույն ժամանակ, սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ:
«Բոլոր մեծ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ունեն իրենց շահերը, այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչպես մենք կգտնենք հակակշիռ: Այս պահի դրությամբ մենք մաքսիմալն անում ենք ու շարունակելու ենք անել»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: