Մակրոնն ասել է, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից - Mediamax.am

1115 դիտում

Մակրոնն ասել է, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի:

 

«Կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում: Մենք համերաշխ ենք Հայաստանի հետ եւ կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Էմանուել Մակրոնը:

 

Նա նշել է, ոչ Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի:

 

«Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, Նիկոլ Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ  պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների եւ անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը»,- ասել է Էմանուել Մակրոնը:

 

Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու դեէսկալացիայի եւ հաստատելու երկխոսություն կողմերի միջեւ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին