Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ թուրքական խաղաղապահ առաքելություններ չեն ուղարկվելու Լեռնային Ղարաբաղի տարածք:
«Դա հստակ նշված է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ: Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են ստեղծվող ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման աշխարհագրական կոորդինատներով, որոնք որոշվելու են Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքի այն հատվածում, որը լրացուցիչ կհամաձայնեցվի»,- ասել է նա:
Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու որեւէ փորձ: Մոսկվան համոզված է, որ բոլոր կողմերը շահագրգռված են ռուսաստանցի խաղաղապահների ներկայությամբ:
Լավրովի փոխանցմամբ՝ շուտով Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները կժամանեն Մոսկվա`քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Հաջորդ շաբաթ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը եւս կժամանի Մոսկվա` քննարկելու Լեռնային Ղարաբաղում օգնության ցուցաբերելու կազմակերպման հարցերը:
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ Սերգեյ Լավովն ասել է, որ Հայաստանում ընդդիմությունը փորձում է շահարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագրի ձեռքբերման հետ կապված իրավիճակը:
«Մենք տեսնում ենք այն բողոքի ակցիաները, որոնք այժմ բռնկվել են Երևանում, մենք տեսնում ենք, թե ինչպես է ընդդիմությունը փորձում շահարկել այս իրավիճակը», - ասել է ՌԴ արտգործնախարարը՝ նշելով, որ, անկասկած, կան անկեղծ մարդիկ, ովքեր, հավանաբար, վիրավորված են, որ այս փուլում ամեն ինչ այդպես է ավարտվում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: