Արմեն Սարգսյանը նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ - Mediamax.am

2808 դիտում

Արմեն Սարգսյանը նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ անհապաղ նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ:

Նախագահը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

 

«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաեւ պատերազմի դադարեցման պայմանների մասին։

 

Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որեւէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որեւէ բանակցության չեմ մասնակցել։

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության եւ կարեւորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին եւ իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել եւս որեւէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների եւ քննարկումների առարկա։

 

Ընդգծում եմ, որ Արցախի, հետեւաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։

Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։

 

Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարեւորագույն այս պահին համազգային միասնության ձեւավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձեւավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները »:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին