Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ կասկած չունի, որ Թուրքիան ցանկանում է ազատվել հայերից:
«Դա Թուրքիայի պատմական նպատակն է», - ասել է վարչապետը «Ֆրանս24»-ին:
«Սա Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է: Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը: Ընդ որում, դա ոչ թե ուղղակի հայերից վրեժ լուծելու կամ հայատյացությունը պարպելու միջոց է, այլ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ ընդլայնելու իրենց էքսպանսիան», - ասել է Փաշինյանը:
Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, վարչապետն ասել է.
«Այդ ՆԱՏՕ-ի անդամն ընդամենը մեկ ամիս առաջ հարձակվել էր ՆԱՏՕ-ի մեկ ուրիշ անդամ Հունաստանի վրա: Ի՞նչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում: Այսօր Թուրքիան հստակ խնդիր ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը»:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ «խաղաղ կարգավորման մասին լրջորեն կարելի է խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները եւ Թուրքիան այս տարածաշրջանից հեռանան:
«Թող որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե սա շատ հեռու է Եվրոպայից: Սա շատ հեռու չէ Եվրոպայից, եւ այս է պատճառը, որ ասում եմ՝ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագծեր», - ասել է Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: