«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում՝ հայկական մտքերի փնտրտուքներով - Mediamax.am

1930 դիտում

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում՝ հայկական մտքերի փնտրտուքներով


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Թիերի Մալըրեն, Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը
Թիերի Մալըրեն, Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Թիերի Մալըրեն
Թիերի Մալըրեն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Դիլիջանը գրեթե Դավոս

 

«Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»), Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը չէ, բայց ձեւաչափը գրեթե նույնն է, շնորհիվ Թիերի Մալըրեի: 

 

Նա «Monthly barometer» ամսագրի հեղինակն ու համահիմնադիրն է: Ամեն տարի ֆրանսիական Շամոնիում այս համաշխարհային միջոցառումը, որին սովորաբար 200 ազդեցիկ մարդ է հյուրընկալվում ամբողջ աշխարհից, կայանում է հենց նրա շնորհիվ: 

 

Մինչ այդ գործը, Թիերի Մարըլեը  ղեկավարել է դավոսյան «Համաշխարհային ռիսկերի ցանցը», եւ հենց այդ նախատիպն է օգտագործել Ֆրանսիայում իր գագաթնաժողովը ստեղծելիս՝ ղեկավար պաշտոնը թողնելուց հետո:

 

Առաջին անգամ է, որ «Մտքերի գագաթնաժողովը» անցկացվում է ոչ թե Շամոնիում, այլ Դիլիջանում եւ Երեւանում։ Այստեղ անվանումը թեեւ տեղայնացվել է, դառնալով՝  «Մտքերի հայկական գագաթնաժողով» («Armenian Summit of Minds»), բայց նպատակը նույնն է մնացել՝ լրագրողների համար փակ դռների հետեւում նոր գաղափարներ է քննարկվում, նոր ծրագրեր ու նոր կապեր են փորձում հաստատել մասնակիցները:

 

Հանճարեղ մտքերի երկիրը

 

Թիերի Մալըրեն (Thierry Mallaret) միջոցառման սկզբում էլ, լրագրողների հետ հանդիպմանն էլ մի քանի անգամ կրկնեց, որ չափազանց ուրախ է Հայաստան գալու համար:

 

-Պարոն Մալըրե, դուք մի քանի անգամ արդեն ասացիք, որ ձեր այստեղ գտնվելը չափազանց ոգեւորել է ձեզ: Թույլ տվեք հարցնել, իսկ ինչը՞ ձեզ ստիպեց «Մտքերի գագաթնաժողովը» Ֆրանսիայից բերել Հայաստան: Առաջին անգամ է, որ այն փոխում է անցկացման վայրը:

 

Թիերի Մալըրեն Թիերի Մալըրեն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

 

- Ստիպված եմ փակագծեր բացել, բայց դե ինչ արած: Մենք համաձայնեցինք այն անցկացնել Հայաստանում ձեր նախագահի շնորհիվ: Մի հարյուր տարի է ես ճանաչում եմ նրան, իսկ եթե ավելի կոնկրետ՝ 1992 թվականից: Մեր նախավերջին հանդիպումը Ֆրանսիայում էր, նախորդ տարի: Զրուցում էինք, հետո նա ելույթ ունեցավ գագաթնաժողովի ընթացքում, ու այնպիսի հանճարեղ գաղափարների մասին էր խոսում, որ մինչեւ միջոցառման ավարտը այդ տպավորությունն այդպես էլ չմարեց: Մենք ավելի նեղ գործնական զրույց ունեցանք եւ նա հրավիրեց մեզ գալ այստեղ: 

 

-Իսկ ինչու՞ ընդունեցիք հրավերը: Հայաստանի պես փոքրիկ երկիրն ինչո՞վ կարող էր գրավել:

 

Թիերի Մալըրեն, Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը Թիերի Մալըրեն, Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

 

-Սա փոքրիկ երկիր է, բայց հանճարեղ մտքերի երկիր է: Ձեր վարչապետն այն ֆանտաստիկ ձեւակերպեց՝ սա փոքրիկ երկիր է, որն ունի մի ազգ, որը սփռված է ամբողջ աշխարհում եւ այդ մարդիկ չափազանց խելացի են, չափազանց կրթված են, չափազանց հետաքրքիր են աննկատ մնալու համար: Չափազանց հետաքրքիր է լինել այսպիսի փոքր-ինչ տարբեր, բայց շատ հետաքրքիր քաղաքակրթություն ունեցող երկրում:

 

-Իսկ մյուս տարի նույնպե՞ս ձեզ այստեղ կտեսնենք:

 

-Շատ, չափից շատ կուզեի:

 

Կարեւորը կանգ չառնելն է

 

«Մտքերի գագաթնաժողով»-ի ընթացքում  մասնակիցների հիմնական մասի հետ, սուրճի ընդմիջումներին կարելի էր զրուցել, երբ հայտնվում էին միջանցքում՝ որեւէ քննարկում ավարտելուց հետո: Զրույցի ընթացքում, անկախ ազգությունից, բոլորը շեշտում էին, որ սա Հայաստանի համար կամուրջ դառնալու լավ հնարավորություն է, իսկ փակ դռներից այն կողմ՝ գործակցության, հնարավոր ներդրումների,  տարածաշրջանային փոխադարձ շահերի, հասարակության խնդիրների հարցերն է քննարկվում:

 

Անգլիական «The socialist international»-ի ղեկավար Մարիո Նալփաթյանը (Mario Nalpatian), օրինակ, որն այստեղ էր մասնակցելու արհեստական բանականության, գլոբալ ռիսկերի  եւ քվանտային քաղաքականության մասին քննարկումներին, այն կարծիքին է, որ Հայաստանն այս միջոցառմամբ կարծես նոր ու հրաշալի մի ստարտափ սկսի, եւ որպեսզի այն իսկապես աշխատի, պետք է կանգ չառնի ոչ մի դեպքում:

 

-Ի՞նչ նկատի ունեք այս միջոցառման անցկացումը ստարտափի հետ համեմատելով:

 

- Տեսեք, ներկաների մեջ շատ կարեւոր դեմքեր կան, մարդիկ, որոնք գուցե առաջին անգամ են լսել Հայաստանի մասին եւ եկել են, եւ մարդիկ, որոնք գիտեին Հայաստանը, եւ հիմա հնարավորություն ունեն այն տեսնելու ներսից: Անշուշտ, շատ կարեւոր հետաքրքրություններ են արթնանալու առաջիկա մի քանի ժամվա, օրվա, ամսվա ընթացքում, եւ շատ կարեւոր է, այն «չքնեցնելը», գուցե սկզբնական արդյունքներն այդքան շոշափելի չլինեն, բայց երբեք չգիտես, թե դրանք ինչպես կզարգանան: Հայաստանի համար այս փուլում թիվ մեկ եւ ամենամեծ խնդիրը հասարակության տարբեր շերտերին, հին ու նոր կառավարության որոշ շերտերին, հին ու նոր ներդրողներին երկխոսության դաշտ բերելն է: Այդժամ մեկ տարի անց արդեն կկարողանաք հասկանալ, թե որքան կարեւոր եւ արդյունավետ էր այս միջոցառումը:

 

Հայ գիտնականների փնտրտուքներով

 

«Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցների շարքում քիչ չեն գիտնականները, որոնք եկել են հասկանալու, թե որ փուլում է հայկական գիտությունը, ինչ ենք տալիս աշխարհին եւ ինչ ենք սպասում աշխարհից: Խավիեր Բարկոնսը (Xavier Barcons) Գերմանիայում գտնվող ՝ Եվրոպայի հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրենն է: Ասում է, որ տեխնոլոգիական զարգացումների շնորհիվ մարդիկ սկսել են ձանձրանալ միայն երկիր մոլորակում տեղի ունեցող գործընթացներից, եւ վերջին տարիներին, այն ամենը ինչ կատարվում է երկրից դուրս, կրկնակի հետաքրքրության կիզակետում է:

 

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

 

-Եվ այդ հետաքրքրությունը սպառելու մեջ, ի՞նչ դեր ունեն հայ գիտնականները:

- Երկրորդ անգամ է, որ Հայաստանում եմ, եւ պատրաստվում եմ մի շարք հանդիպումներ ունենալ այստեղի աստղագետների հետ: Ձեր երկրի վերջին գիտական զարգացումների մասին ինձ Արմեն Սարգսյանն  է պատմել եւ հենց նրա շնորհիվ եմ այստեղ: Վերջին տարիներին Հայաստանը նկատելի առաջընթաց է գրանցում տեխնոլոգիական եւ գիտական կյանքում, բայց դա դեռ բավարար չէ: Այն ինչ գիտեմ, բավարար է պնդելու համար, որ ձեր երկիրը կարող է դառնալ եւ դառնում է աշխարհի շատ երկրների եւ կենտրոնների համար կարեւոր գործընկեր: Հատկապես երիտասարդ հայ գիտնականները ակտիվ են, ունեն տեսլական, եւ երկրում գիտական զարթոնք ապահովելու համար պետք է պարզապես մի քիչ ավելի շատ աշխատեն, ավելի շատ կապեր հաստատեն, եւ ավելի ակտիվ լինեն:

 

-Բայց, կարծում եք, որ միայնակ մենք կհաջողե՞նք ապահովել ձեր նշած զարթոնքը:

 

-Ես հասկանում եմ, որ ձեզ համար շատ կարեւոր է եւ նաեւ պարտադիր պայման է միջազգային աջակցությունը, բայց ձեզանից պահանջվում է նաեւ ամենակարեւորը՝ կենտրոնանացվածություն: Ձեր երկրի գիտնականները հրաշալի գաղափարներ ունեն, բայց պետք է հասկանալ, թե գիտության, տեխնոլոգիաների ո՞ր ճյուղերն են առաջնային, եւ կոնկրետ ի՞նչ  կարող եք աշխարհին առաջարկել: Դա հասկանալուց հետո կկարողանաք միանալ միջազգային գիտական եւ տեխնոլոգիական հասարակությանը, գտնել գործընկերներ, որոնք կունենան նույն հետաքրքրությունը եւ հաջողությունը ապահովված կլինի:

 

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

 

Բարկոնսի դիտարկմանը համաձայնվում է գերմանացի ֆիզիկոս Ստեֆան Շոներթը (Stefan Schonert), որը միանում է զրույցի կեսից ու պատմում, որ երկու հայ գիտնականների հետ է աշխատում Գերմանիայում, եւ հայկական աստղագիտության զարգացման համար շատ մեծ հնարավորություններ է տեսնում:

 

- Ես այստեղ մի քանի օր եմ մնալու եւ պատրաստվում եմ հանդիպել մի խումբ հայ աստղագետների հետ եւ փորձել հասկանալ, թե ինչպես նոր թափ հաղորդել աստղագիտության զարգացմանը Հայաստանում: Չեմ ուզում մանրամասնել նախագծի մանրամասները, բայց ուզում եմ ասել, որ հայ աստղագետները շատ լավ կրթություն ունեն եւ միակ բանը, որ պակասում է նրանց, կամուրջն է աշխարհի հետ: Միայն այդ կամուրջը ստեղծելուց ամրացնելուց հետո հնարավոր կլինի դուրս գալ գիտական շրջափակումից եւ ավելի հասկացված լինեն:

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին