Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հունվարի 8-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
Փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունում ասված է.
«Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որեւէ կերպ չի վերաբերում եւ չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորում է Սահմանադրական դատարանի կողմից:
Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձեւակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը եւ հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը:
Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաեւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: