ԲՀԿ եւ ՀՅԴ նախարարները կհեռացվեն աշխատանքից. Փաշինյանը ԱԺ-ում է - Mediamax.am

2676 դիտում

ԲՀԿ եւ ՀՅԴ նախարարները կհեռացվեն աշխատանքից. Փաշինյանը ԱԺ-ում է


Լուսանկարը` Photolure


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ներկայացնող նախարարները եւ այլ պաշտոնյաները կհեռացվեն աշխատանքից:

Նա հայտնել է, որ նման որոշման պատճառ է դարձել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին այդ ուժերի ներկայացուցչների կողմ քվեարկելը։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այդ նախագծի ընդունումը դավադրություն է հայ ժողովրդի հանդեպ։

 

Աշխատանքից ազատվել են արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության նախարար Լեւոն Վահրադյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

 

Վարչապետի խոսքով, կառավարության առաջիկա նիստում պաշտոններից կհեռացվեն նաեւ այդ երկու կուսակցությունները ներկայացնող մարզպետները:

 

Փաշինյանն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին: Նա խոստացել է մոտ օրերս հրաժարական տալ վարչապետի պաշտոնից եւ խնդրել է ժողովրդին օգնել իրեն, որպեսզի դրան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում չընտրվի նոր վարչապետ, ինչը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման:

 

Իր ելույթից հետո Փաշինյանը կողմնակիցների հետ ներխուժել է Ազգային ժողովի տարածք՝ իր իսկ խոսքերով, բանակցելու խորհրդարանական ուժերի հետ առաջիկա գործողությունների շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին