Հայաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի - Mediamax.am

6465 դիտում

Հայաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի համաձայն՝ Հայաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի:

«Այս փաթեթի ընդունմամբ առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձեւով պատիժ, այլեւ որոշակի ժամկետով ազատազրկում»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ բացառություն կկազմի նախընտրական շրջանակում կուսակցության կամ դաշինքի խորհրդանիշերով, խելամիտ արժեքի սահմաններում քարոզչական նյութերի տրամադրումը։

 

Փաթեթով առաջարկվում է ընտրողի կողմից դիտավորությամբ քվեարկության գաղտնիության խախտումը դասել Քրեական օրենսգրքի հատուկ մասով արգելված արարքների շարքին՝ որպես ոչ ծանր հանցագործություն:

 

Առաջարկվում է նաեւ ապաքրեականացնել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ անփութությամբ սուտ հայտարարություն տալը, իսկ դիտավորությամբ արված նույն արարքի հիմնական պատժաչափը սահմանել այնքան, որքան օրենսդիրն այն սահմանել է սուտ մատնության համար:

 

Այս փոփոխությունների արդյունքում օրենսդիրն ակնկալում է ավելացնել ընտրական տեղամասերում կարգուկանոնը, օրինականության մթնոլորտը: 

 

«Փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը եւ արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձեւավորումը էապես մոտեցնել ժողովրդավարության չափանիշներին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

 

ՀՀ կառավարությունն այսօր մեկ այլ որոշմամբ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի օրակարգում կլինի այս նախագծի քննարկումը։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին