«Երեւանում որեւէ մեկը կասկածի տակ չի դնում հայ-ռուսական կապերը» - Mediamax.am

8112 դիտում

«Երեւանում որեւէ մեկը կասկածի տակ չի դնում հայ-ռուսական կապերը»


Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան


Երեւան: Մեդիամաքս: Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ «Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերն է տարածաշրջանում»: 

«Դա վերաբերում է թե՛ տնտեսական փոխգործակցությանը, թե՛ անվտանգության հարցերին»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

 

Անդրադառնալով տնտեսական կապերին՝ ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անընդհատ ավելանում է: 

 

«Սա շատ լավ դինամիկա է, ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս տեմպը ոչ միայն պահպանել, այլեւ բազմապատկել: Ձեզ մաղթում եմ հաջողություն կառավարության ղեկավարի պաշտոնում: Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույն տեմպերով»,- ասել է Վլադիմիր Պուտինը: 

 

Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ ՀՀ ղեկավարությունն ու ժողովուրդը շատ բարձր են գնահատում Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հարցում Ռուսաստանի հավասարակշռված քաղաքականությունը։ 

 

«Հայ-ռուսական հարաբերություններում կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ հարցեր, որոնք քննարկման կարիք չունեն: Մասնավորապես, քննարկման կարիք չունի հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային համագործակցությունը: Որեւէ մեկը Հայաստանում կասկածի տակ չի դրել եւ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք տրամադրված ենք նոր խթան հաղորդելու մեր հարաբերություններին ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրատնտեսական ոլորտներում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին