Տեր-Պետրոսյանը գրել է Հայաստանին սպառնացող «բարդ իրավիճակի» մասին - Mediamax.am

11913 դիտում

Տեր-Պետրոսյանը գրել է Հայաստանին սպառնացող «բարդ իրավիճակի» մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Անհրաժեշտ պարզաբանում վերնագրված հոդված է հրապարակել, որում նշել է, որ «երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո»:

 

Հոդվածում, մասնավորապես, ասված է.

 

«Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, եւ դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը:

 

Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է:

 

Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում:

 

Հետեւաբար, ինչպես շատերն են գիտակցում, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո: Սակայն այս հարցում էլ լուրջ բարդություններ են սպասվում, որովհետեւ ընտրական օրենսգրքի վերափոխումն էլ կրկին կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից: Չպետք է անտեսել, որ քաղաքական դիմակայության դրդապատճառից բացի, հանրապետականների մոտ առկա են նաեւ անձնական շահագրգռություններ, քանի որ նրանք համոզված չեն, որ հաջորդ ընտրություններից հետո կարող են հայտնվել խորհրդարանում:

 

Հուսանք, որ գործող խրթին սահմանադրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ստեղծված օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք եւ ողջախոհություն կդրսեւորեն բանակցությունների, երկխոսության եւ փոխպայմանավորվածության միջոցով ելք գտնելու մեր պետականությանն սպառնացող այս բարդ իրավիճակից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին