Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 96 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:
ՀՀ մարդու իրավունքների չորրորդ պաշտպան Արման Թաթոյանն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկությամբ:
Օմբուդսմենի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ խմբակցությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո:
Արման Թաթոյանը ծնվել է 1981թ. դեկտեմբերի 18-ին Երեւանում:
2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2004թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2007թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան: 2013թ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Իրավունքի դպրոցը: Ունի պատվավոր մագիստրոսի կոչում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2013թ. նոյեմբերից:
Արման Թաթոյանը 2013թ. նոյեմբերից նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ է, ԵԽ ծրագրի միջազգային խորհրդական, 2005-ից` ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, այնուհետեւ դոցենտ: Դասախոսում է նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ ՀՀ արդարադատության ակադեմիայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: