7 փաստ արտակարգ դրության մասին - Mediamax.am

exclusive
18396 դիտում

7 փաստ արտակարգ դրության մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


ՀՀ կառավարությունը պարզաբանում է տարածել, որում 7 կետով ներկայացնում է, թե ինչ է թույլատրվում կամ արգելվում արտակարգ դրության ընթացքում, որը Հայաստանի տարածքում կգործի 2020թ. մարտի 16-ից ապրիլի 14-ը:

 

1. Մուտքը եւ ելքը ՀՀ սահմանով

 

- ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:

 

- ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված եւ բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք:

 

- Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը)

 

- Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք

 

- Միեւնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից եւ առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաեւ թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների

 

2. Կանխարգելիչ միջոցառումներ

 

- ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն,

 

- ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում,

մեկուսացում (ինքնամեկուսացում) եւ (կամ) այլ սահմանափակող միոցառումներ,

 

- եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես մեկուսացնել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման եւ վարակի տարածումը կանխելու նպատակով,

 

- եթե պարզվի, որ անձը ՀՀ է ժամանել այնպիսի երկրներից, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում, ապա նրանք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման` իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ բացառելով այլ անձանց հետ անմիջական շփումը:

 

3. Տեղաշարժման սահմանափակումներ

 

Չնայած արտակարգ դրությունը հայտարարվել է ՀՀ ողջ տարածքում, բայց սահմանափակումներ կգործեն միայն այն համայնքներում եւ տարածքներում, որոնք կորոշի պարետը: Այն համայնքում, որտեղ կորոշվի մտցնել սահմանափակումներ, կգործի հետեւյալ ռեժիմը՝

 

- կգործի համայնքի տարածք մուտք գործելու եւ ելք կատարելու հատուկ ռեժիմ, որը կհսկեն ոստիկանությունը, առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի եւ համայնքապետարանի ներկայացուցիչները,

 

- առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաեւ պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերը եւ ելքերը չեն սահմանափակվի.

 

- համայնքի տարածքում կարող են կատարվել անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում), ազատ տեղաշարժի նորմավորում (օրվա ժամեր, մարդկանց քանակ եւ այլն),

 

- անձանց բնակարաններում կամ գտնվելու վայրում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացում

 

Անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձինք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր:

 

4. Միջոցառումներին մասնակցությունը

 

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվելու է հավաքների եւ գործադուլների անցկացումը:

 

Բացի այդ, կարող են պարետի կողմից սահմանվել տարածքներ, որտեղ կարգելվեն այնպիսի հանրային միջոցառումներ, օրինակ` սպորտային, մշակութային, կրթական միջոցառումներ, ժամանցային մի ջոցառուերը, ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները եւ այլն: Նման միջոցառումները կարգելվեն նման տարածքներում, եթե այդ միջոցառումներին մասնակցեն 20 եւ ավելի անձիք:

 

5. Ուսումնական գործընթացը

 

Բոլոր պետական, համայնքային եւ ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ մանկապարտեզները), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կարգելվի դասապրոցեսը: Այս արգելքը չի տարածվի հեռավար (օնլայն) ուսուցման վրա:

 

6. Այլ սահմանափակումներ

 

Արգելվելու են տեսակցությունները, հանձնունքների կատարումը ազատազրկման վայրերում, զորամասերում, հոգեբուժական կազմակերպություններում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում:

 

7. Հրապարակումներ ինտերնետում եւ մամուլում

 

Եթե անձիք եւ զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձեւով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի  վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, մեկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից եւ հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն:

 

Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը:

 

Նույնը նաեւ վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում:

 

Նման  հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

 

Կառավարությունում հիշեցրել են, որ արտակարգ դրության ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելը, այսինքն՝ սահմանված միջոցառումներին եւ սահմանափակումների չենթարկվելը հանգեցնում է վարչական պատասխանատվության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին