Առաջին էկզոմոլորակից մինչեւ Հայաստան՝ 5 փաստ Միշել Մայորի մասին - Mediamax.am

exclusive
13677 դիտում

Առաջին էկզոմոլորակից մինչեւ Հայաստան՝ 5 փաստ Միշել Մայորի մասին


Միշել Մայորը
Միշել Մայորը

Ֆիզիկայի ոլորտում 2019 թ․-ի Նոբելյան մրցանակը կիսել են Ջեյմս Փիբլսը՝ ֆիզիկական տիեզերագիտության ոլորտում տեսական հայտնագործությունների եւ Միշել Մայորն ու Դիդիեր Քուելոզը՝ արեգականման աստղի շուրջ պտտվող էկզոմոլորակի հայտնագործման համար։

 

Շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Միշել Մայորն առաջին գիտնականն է, ով արտաարեգակնային մոլորակ է հայտնաբերել։ Նա նաեւ սերտ կապեր ունի հայկական գիտության հետ։ Մեդիամաքսը ներկայացնում է մի քանի ուշագրավ փաստ Միշել Մայորի եւ Հայաստանի հետ նրա առնչությունների մասին։

 

1.    Ինչպե՞ս է Միշել Մայորը հայտնաբերել առաջին արտաարեգակնային մոլորակը։

 

Պրոֆեսոր Միշել Մայորն առաջին էկզոմոլորակը բացահայտել է 1995թ.-ին, որից հետո հազարավոր այդպիսի մոլորակներ են բացահայտվել եւ բնութագրվել:

 

«Զբաղվում էի գալակտիկաներով, եւ այդ ուսումնասիրությունների համար ինձ հարկավոր եղավ մշակել լավ սարքավորում, որը բավական բարձր ճշգրտությամբ տեսագծային արագություններն էր գրանցում: Երեք փուլով տարբեր մակարդակի սարքավորումներ մշակեցինք, երկրորդն արդեն բավարար էր արտաարեգակնային մոլորակ որսալու համար: Այնպես ստացվեց, որ տեխնիկական կողմից մոտեցանք այդ հարցին, մեր ստեղծած տեխնիկական հնարավորությունները կիրառեցինք էկզոմոլորակի հայտնաբերման համար եւ հաջողության հասանք»,- ասել է գիտնականը:

 

2.    Ի՞նչ է ասել Միշել Մայորը զուգահեռ քաղաքակրթության հնարավոր առկայության մասին։

 

«Վերջնական հարցը, որի պատասխանին մենք ձգտում ենք, կյանքի հնարավոր ձեւերի հայտնաբերումն է այլ մոլորակների վրա: Մենք դրան, ի դեպ, մոտենում ենք: Աստղագետները շատ մեծ առաջընթաց ունեն, եւ կարելի է հավատալ, որ, այո, շատ շուտով այդպիսի հնարավորություն կընձեռվի: Մենք արդեն ոչ թե ենթադրություններով, այլ ռեալ ֆիզիկայի եւ քիմիայի գիտելիքներով ենք մոտենում կյանքի ուսումնասիրությանը: Պետք է հստակ հասկանանք՝ կյանքն այն է, որ ինչ-որ մարմին կարողանում է վերարտադրվել եւ իր գենետիկ ինֆորմացիան փոխանցել մյուսներին: Հիմնական խնդիրը հեղուկ ջուր գտնելն է, որը կլինի կյանքի առկայության ամենալավ նշանը: Ես ընդունում եմ, որ կյանքը կանոնավոր երեւույթ է, որն առաջանում է տիեզերքի զարգացման ընթացքում, դրա համար էլ բազմաթիվ մոլորակների վրա պետք է լինի: Իմ հետազոտությունները հենց դրա համար էլ կատարվում են, որովհետեւ մենք կարծում ենք, որ երկիրը միակը չէ»,- Մեդիամաքսին ասել է Միշել Մայորը։

 

3.    Ե՞րբ եւ ինչո՞ւ է Միշել Մայորն այցելել Հայաստան։

 

Միշել Մայորը Հայաստանում առաջին անգամ եղել է 2007թ.-ին՝ մասնակցելու Եվրոպական աստղագիտական մեծ համագումարին, իսկ 2010թ.-ին Գարիկ Իսրայելյանի եւ Նունու Սանտոշի հետ արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին:

 

2017թ. մայիսին գիտնականը Երեւանում մասնակցել է «Արտաարեգակնային մոլորակներ եւ աստղակենսաբանություն» թեմայով աշխատաժողովին եւ հանրային դասախոսություն վարել։

 

«Առաջին անգամ Հայաստան էի եկել 2007թ․-ին եւ հենց այդ ժամանակ էլ սկսեցին առաջին քննարկումներն ու համագործակցությունը: Առ այսօր հայ աստղագիտությունը բարձր մակարդակով հայտնի է եղել ակտիվ գալակտիկաների ուսումնասիրության, աստղային էվոլյուցիայի, տիեզերաբանության, տեսական աստղաֆիզիկայի ոլորտներում, հիմա խնդիր է, որ հայ աստղագետները կարողանան տիրապետել նաեւ առաջացող նոր ոլորտներին եւ զբաղվեն դրանցով: Այժմ շատ տարածված եւ կարեւոր է արտաարեգակնային մոլորակների ուսումնասիրության հարցը, եւ լավ կլինի, որ այդ ուղղությամբ համագործակցություն գնա»,- ասել է Միշել Մայորը՝ 2017թ․-ին, Երեւանում:

 

4.    Ի՞նչ նշանակություն ունի Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը գիտնականի համար։

 

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը, ինչպես ասել է պրոֆեսորը, իր համար շատ կարեւոր է։

 

«Ինձ համար այս մրցանակը, հատկապես կարեւոր է հայ աստղագիտությանը մոտենալու եւ Հայաստանի հետ կապեր ունենալու տեսանկյունից: Եվ հենց այնպես չէ, որ ես չորրորդ անգամ այցելեցի Հայաստան»,- ասել է Միշել Մայորը։

 

5.    Հայաստանի գիտական աշխարհի հետ ի՞նչ կապեր ունի Միշել Մայորը։

 

Միշել Մայորը Վիկտոր Համբարձումյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտախորհրդատվական հանձնաժողովի եւ Հայկական աստղագիտական ընկերության անդամ է: Հայազգի գիտնական Գարիկ Իսրայելյանի նախաձեռնած Starmus փառատոնի մշտական մասնակից է։

 

«15 տարի առաջ Կանարյան կղզիներ կոնֆերանսի էի գնացել, ինձ խորհուրդ տվեցին հանդիպել Գարիկ Իսրայելյանի հետ եւ որոշ հարցեր քննարկել, որոնք կարող էին նպաստել մեր հետազոտություններին: Արտաարեգակնային մոլորակների եւ աստղերի՝ սպեկտրների վերլուծությունը քննարկեցինք: Այդ օրվանից հետաքրքիր համագործակցություն մեկնարկեց եւ մենք երկար տարիներ շարունակեցինք աշխատել միասին: Հետո, երբ Գարիկի մոտ փառատոնի մտքեր կային, բնականաբար, նա ինձ հրավիրեց մասնակցել առաջին Starmus-ին: Ես ներգրավվեցի եւ դարձա փառատոնի մշտական մասնակից»,- ասել է Միշել Մայորը։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին