5 հարց ու պատասխան Ջո Բայդենի, հայերի եւ թուրքերի մասին - Mediamax.am

exclusive
24663 դիտում

5 հարց ու պատասխան Ջո Բայդենի, հայերի եւ թուրքերի մասին


Լուսանկարը` REUTERS


2019թ. ապրիլի 25-ին ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին:

 

Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրում ներկայացնում է, թե ինչ առնչություններ է ունեցել Բայդենը Հայաստանի եւ տարածաշրջանի հետ վերջին տարիներին:

 

1. Ի՞նչ կապ ունի Արմեն Սարգսյանը:

 

Հայաստանի նախագահը 2019թ. փետրվարին ակամա դարձավ համաշխարհային նյուսմեյքերներից մեկը: 

 

Անվտանգության հարցերով Մյունխենի միջազգային համաժողովի միջանցքում տեղի էր ունեցել Արմեն Սարգսյանի եւ Ջո Բայդենի ջերմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի նախագահը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Բայդենը մասնակցելու է 2020թ. ընտրություններին:

 

 

Եվ չնայած Ջո Բայդենը միանշանակ պատասխան չէր տվել, միջազգային մամուլը ենթադրեց, որ նա, այնուամենայնիվ, առաջադրվելու է:

 

2. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ի՞նչ միջոցառման է մասնակցել Ջո Բայդենը:

 

2015 թվականի մայիսի 7-ին Վաշինգտոնի ազգային մայր տաճարում կայացել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք:

 

 

Արարողությանը մասնակցել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը:

 

3. Ի՞նչպես պատասխանեց Ալիեւը Բայդենի կոչին:

 

2016 թվականի ապրիլի սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում էր՝ Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում:

 

Ապրիլի 1-ին կայացել էր Սերժ Սարգսյանի եւ Ջո Բայդենի հանդիպումը, որի ընթացքում ԱՄՆ փոխնախագահն իր մտահոգությունն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող բռնության կապակցությամբ, երկխոսության կոչ էր արել եւ ընդգծել համապարփակ կարգավորման կարեւորությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, անվտանգության եւ բարգավաճման հասնելու համար: 

 

Մի քանի ժամ անց Ադրբեջանը սկսել էր Ապրիլյան պատերազմը:

 

4. Ի՞նչ դաս էր տվել Բայդենը Թուրքիայի նախագահին:

 

2016թ. օգոստոսին պաշտոնական այցով Անկարա այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը «ժողովրդավարության դաս» էր տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

 

Թուրքիայի նախագահը հերթական անգամ բարձրացրել էր ԱՄՆ-ում բնակվող իր գաղափարական հակառակորդ Ֆետուլահ Գյուլենին արտահանձնելու թեման:

 

«Ամերիկայի ձայնը» տարածել էր Բայդենի խոսքի այդ հատվածի տեսագրությունը, որում ԱՄՆ փոխնախագահը բացատրում էր Էրդողանին, որ Ամերիկայում գործադիր ու դատական իշխանությունները տարանջատված են:

 

 

«Ենթադրում եմ, որ ձեր ժողովրդի համար դժվար է դա հասկանալ», - ակնարկել է Բայդենը:

 

5. Ի՞նչ հատուկ հեռախոսազանգ էր կատարել Ջո Բայդենը:

 

2018թ. հոկտեմբերին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հանդես էր եկել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության քննադատությամբ:

 

«Շուրջ 15 տարի ներգրավված լինելով Հայաստանի բարձրագույն ղեկավարության բոլոր միջազգային հանդիպումներում, չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ամերիկացի գործընկերները հարցականի տակ դնեին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությունը: Փոխարենը հիշում եմ փոխնախագահ Բայդենի հատուկ հեռախոսազանգը` հայտնելու նախագահ Սարգսյանին, որ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու ինքնավար որոշմանը», - մասնավորապես գրել էր Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին