Երեք սկզբունք, վեց տարր, Մադրիդ, Կազան եւ «Լավրովի պլան» - Mediamax.am

exclusive
22250 դիտում

Երեք սկզբունք, վեց տարր, Մադրիդ, Կազան եւ «Լավրովի պլան»


Էլմար Մամեդյարովը, Բեռնար Կուշները, Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Սթայնբերգը Աթենքում, 2009 թ. դեկտեմբեր
Էլմար Մամեդյարովը, Բեռնար Կուշները, Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Սթայնբերգը Աթենքում, 2009 թ. դեկտեմբեր

Լուսանկարը` REUTERS


2016 թվականի հունիսին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Մոսկվան կշարունակի «միջնորդական առաքելություն իրականացնել, հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք արվել են ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների  2009 - 2013 թթ. ընթացքում արած հայտարարություններին համապատասխան»: «Պարզաբանում» խորագրի հերթական թողարկումը պատմում է այդ սկզբունքների մասին:

 

1. Ի՞նչ սկզբունքների ու տարրերի մասին  է խոսքը:

 

2011 թ. հունվարի 14-ին հանդես գալով մամուլի ասուլիսում, ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ գոյություն ունի կարգավորման երեք սկզբունք:

 

- ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում;

- ինքնորոշման իրավունք;

- տարածքային ամբողջականություն:

 

Նալբանդյանը նշել էր նաեւ վեց տարր, որոնք առաջարկվել են կողմերին միջնորդ երկրների կողմից.

 

1.    Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան;

2.    Մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ;

3.    Պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը;

4.    Բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձը անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումից հետո;

5.    Անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, այդ թվում միջազգային խաղաղապահների ներկայություն;

6.    Տարածքների վերադարձ:

 

Նալբանդյանը նշել էր, որ վերջին տարրը չի հստակեցնում, թե ինչ տարածքների մասին է խոսքը:

 

Նույն հունվարին ՀՀ ԱԳՆ ղեկավարը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր.

 

«Բանակցությունները ընթանում են Մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որոնք կողմերին ներկայացվել էին դեռ 2007 թ. նոյեմբերին: Այդ առաջարկություններից ընտրվել էին 6 հիմնական տարրերը: Դրանք հնչեցվել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի հայտարարություններում, որոնք ընդունվել են ՄԵծ ութնյակի գագաթնաժողովների շրջանակներում՝ Լ'Աքվիլայում եւ Մուսքոկայում»:

 

Ակնկալվում էր, որ 2011 թ. հունիսին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները պետք է հաստատեին առաջարկված վեց տարրերը, սակայն դա տեղի չունեցավ: Հայկական կողմը հայտարարեց, որ պատճառը Ադրբեջանն էր:

 

2.Ի՞նչ է եղել Մադրիդյան սկզբունքներից առաջ:

 

2006 թ. հուլիսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել էին հայտարարություն, որում բացահայտել էին կարգավորման առաջարկների որոշ մանրամասները: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր.

 

«Սկզբունքները հիմնված են Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի վերադիրքավորման վրա, հատուկ պայմաններ նախատեսելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների համար (ներառյալ ՀՀ-ն եւ ԼՂ-ն միացնող միջանցքը), այդ տարածքների ապառազմականացման ու հանրաքվեի կամ քվեարկության անցկացման վրա՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Քվեարկության ամսաթիվն ու պայմանները պետք է որոշվեն հետագա բանակցությունների ընթացքում»:

 

Այն ժամանակ միջնորդները ձգտում էին Մեծ ութնյակի հանդիպումից առաջ բանակցություններում առաջընթաց գրանցել, եւ շատերն այդ մանրամասների հրապարակումը դիտարկեցին իբրեւ կողմերի վրա ճնշում գործադրելու փորձ:

 

Հետաքրքիր է, որ դրանից մի քանի օր առաջ՝ 2006 թ. հունիսի 26-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները արդեն համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հարցը: ՀՀ ԱԳՆ հայտարարությունում ասվում էր, որ «բանակցությունների ընթացքում առկա տարաձայնությունները չեն վերաբերում հանրաքվեին, եւ այդ հարցը արդեն իսկ համաձայնեցված է նախագահների միջեւ»:

 

«Տարաձայնությունները վերաբերում են ռազմական հակամարտության հետեւանքների վերացման հաջորդականությանը», - նշվում էր հայտարարության մեջ:

 

ՀՀ ԱԳՆ-ի այդ հայտարարությունը փաստացի հաստատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ով 2006 թ. ամռանը RFE/RL-ին տված հարցազրույցում ասել էր, որ «հայերը դուրս չեն բերի զորքերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից, եթե համոզված չլինեն, որ փոխհատուցում կստանան»:

 

«Կնպաստի՞ արդյոք հայկական զորքերի դուրս բերումը լարվածության թուլացմանը: Իհարկե, դրանում ոչ մի կասկած չկա: Այդ իսկ պատճառով այս հարցը մեր առանցքային սկզբունքների կենտրոնական տարրն է: Սակայն հայերը դուրս չեն բերի իրենց զորքերը զուտ այն պատճառով, որ մենք իրենց կասենք. «Դա կօգնի թուլացնել լարվածությունը»: Նրանք դա կանեն, եթե փոխհատուցում ստանան, եւ մեր առանցքային սկզբունքները հենց դրան են վերաբերում», - ասել էր ամերիկյան միջնորդը:

 

3.Ի՞նչ են ասել Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղում հանրաքվե/քվեարկություն անցկացնելու մասին:

 

Վերջին տարիներին Ադրբեջանը հազվադեպ է առարկայական մեկնաբանություններ անում կարգավորման սկզբունքների ու տարրերի վերաբերյալ: Հիմնականում Բաքվից հայտարարություններ են հնչում այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել: Սակայն միշտ չէ այդպես եղել:

 

Ահա մի հատված 2011 թ. մարտին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի՝ Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցից.

 

- Նախորդ տարեսկզբին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հայկական կողմը խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները` պահանջելով ամրագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի/քվեարկության անցկացման ամսաթիվը: Ձեզ չի՞ թվում, որ հենց այդ մոտեցումը, երբ կողմերից յուրաքանչյուրը յուրովի է ձեւակերպում հանրաքվեի/քվեարկության մանրամասները, բանակցային գործընթացի հիմնական փորձաքարերից մեկն է: Ինչո՞ւ հանրաքվեի/քվեարկության հստակ բովանդակային եւ ժամանակային չափանիշների սահմանումն ու ամրագրումը չի գոհացնում Բաքվին: 

 

- Ժամանակային շրջանակները կբարդացնեն իրավիճակը: Պետք է իրականացնել հսկայական նախապատրաստական աշխատանք, հալեցնել սառույցը հարաբերություններում, վերականգնել վստահությունը, վերադարձնել բնակչությունը, պայմաններ ստեղծել նրանց բարեկեցիկ համատեղ գոյակցության համար: Չի կարելի հանրաքվե անցկացնել հրացանի փողի եւ ճնշման տակ: Ցանկացած շտապողականություն հանուն ժամանակային շրջանակների պահպանման նման զգայուն եւ փխրուն հարցերում կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը եւ խաչ քաշել խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերի վրա:

 

4.Ի՞նչ են ասել միջնորդները սկզբունքների ու տարրերի մասին: 

 

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2015 թ. փետրվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր.

 

«Մենք ունենք 3 սկզբունքներ եւ 6 տարրեր, որոնք հանդիսանալու են կարգավորման հիմքը: Մենք պայմանական անվանում ենք տալիս այս բոլոր խնդիրներին՝ ասում ենք «համապարփակ կարգավորում» կամ «համապարփակ բանակցություններ»: Կարող եք լսել, ինչպես Բաքվում համապարփակ բանակցությունների կոչեր են հնչում, եւ եռանախագահները նույնպես այդ անվանումն են օգտագործում: Բայց մենք նաեւ նկատի ունենք, որ դուք չեք կարող ուղղակի առանձնացնել ինչ-որ մի սկզբունք կամ տարր եւ ակնկալել, որ դա կդիտարկվի որպես հիմք կարգավորման համար: Ուշագրավն այն է, որ կողմերը, ըստ էության, շատ մոտ են միմյանց: Երկուստեք ընդունում են, որ կարգավորման հիմք են հանդիսանում 3 սկզբունքները եւ 6 տարրերը: Իհարկե, կան մանրամասներ, որոնց շուրջ մենք դեռ շարունակում ենք աշխատել, բայց սա այն է, ինչին մենք ցանկանում ենք հասնել: Այնպես որ, իրականում որեւէ հակասություն գոյություն չունի: Չնայած որոշ հրապարակային ելույթներում առանձնացնում են տարրերից կամ սկզբունքներից որեւէ մեկը, ինչը տեղի է ունենում երկու երկրներում, այնուհանդերձ, նախագահները եւ երկու երկրների ղեկավարությունը հասկանում են, որ կարգավորման հիմքը այս համապարփակ մոտեցումն է»:

 

5. Արդյո՞ք գոյություն ունի «Լավրովի փաստաթուղթը»:

 

Այսպես կոչված «Լավրովի փաստաթղթի» մասին ասեկոսեները սկսեցին շրջանառվել 2015 թ. վերջին – 2016 թ. սկզբին:

 

Ինքը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը 2016 թ. հունվարի 26-ին ասել էր.

 

«Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի: Կան մի շարք փաստաթղթեր՝ շուրջ 5-ը, որոնք համանախագահները պատրաստել են բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը կարգավորման հիմնական սկզբունքների ձեւավորման մասին էր: Այնուհետեւ այդ սկզբունքների հիման վրա պետք է մշակվեր խաղաղության պայմանագիրը, որն իրավական պարտադիր ուժ կունենար: 2007-ից ի վեր մշակվող այդ փաստաթղթի որոշ տարբերակներ համանախագահների կողմից ի պահ են հանձնվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին եւ պահվում են այդ կազմակերպության սեյֆերում: Դրանք միակ թղթերն են, որ կարելի է փաստաթուղթ համարել, հաշվի առնելով, որ դրանցից եւ ոչ մեկը չի հանգեցրել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր բաղադրիչների լուծմանը, իսկ աշխատանքները տարվում են «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով»: 

 

Ամենայն հավանականությամբ, այն, ինչ ստացել է «Լավրովի փաստաթուղթ» անվանումը, հայտնի վեց տարրերի հերթական ձեւափոխումն է: Սակայն պետք է հասկանալ, որ ստեղծված իրավիճակում նույնիսկ աննշան թվացող ձեւափոխությունները կարող են փոխել կարգավորման ողջ տրամաբանությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին