Ռոստրոպովիչի նամակ-«դեղատոմսը» Թալալյանին - Mediamax.am

exclusive
21422 դիտում

Ռոստրոպովիչի նամակ-«դեղատոմսը» Թալալյանին


Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Գերոնտի Թալալյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ Ալեքսանդր Հարությունյանը
Գերոնտի Թալալյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ Ալեքսանդր Հարությունյանը

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Մստիսլավ Ռոստրոպովիչը հանդիպում է Վազգեն Վեհափառին, 1972թ.
Մստիսլավ Ռոստրոպովիչը հանդիպում է Վազգեն Վեհափառին, 1972թ.

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը ընկերների հետ Երեւանում
Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը ընկերների հետ Երեւանում

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը
Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ Ռոբերտ Քոչարյանը
Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը
Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը

Լուսանկարը` Ե.Թալալյանի արխիվից

Ռոստրոպովիչի Մոսկվայի բնակարանում
Ռոստրոպովիչի Մոսկվայի բնակարանում

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից


Այս անգամ «Պահոցում» ներկայացնում ենք մի յուրահատուկ նամակ-«ղետատոմս», որը տասնամյակներ առաջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 20-րդ դարի ականավոր թավջութակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Մստիսլավ Ռոստրոպովիչը ուղարկել էր իր մտերիմ ընկերոջը՝ թավջութակի հայկական դպրոցի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գերոնտի Թալալյանին:

 

Պատմում է Գերոնտի Թալալյանի դուստրը՝ Ելենա Թալալյանը

 

Առաջին անգամ եմ խոսում հայրիկիս մասին: Երկար ժամանակ չէի հաշտվում այն մտքի հետ, որ նա այլեւս չկա ու երբ ինձ հարցեր էին տալիս, չէի կարողանում պատասխանել՝ հուզվում էի: 

 

Ավելի «մասշտաբային», խարիզմատիկ եւ ժողովրդական մարդ ես չեմ հանդիպել: Նա անհավանական մեծ հոգու տեր էր՝ բոլորի կողմից պաշտված: Փողոցում Գերոնտի Թալալյանին հնարավոր չէր տեսնել միայնակ, նա մշտապես մարդկանցով էր շրջապատված: Հայրս մի հիանալի ձիրք ուներ՝ նա կարողանում (եւ սիրում էր) մեծարել մարդկանց, յուրահատուկ միջավայր էր ստեղծում եւ նրա կողքին մարդիկ իրենց լավ էին զգում, լիներ դա տաքսու վարորդ, երաժիշտ, թե «թաղային հեղինակություն»: Ուսանողներին հայրս վերաբերվում էր ինչպես հարազատ երեխաներին, հետեւում էր յուրաքանչյուրի ճակատագրին, օգնում աշխատանք գտնելու հարցում: Նրանցից շատերի հետ շարունակում էր ընկերություն անել ուսման ավարտից շատ տարիներ անց:

 

Գերոնտի Թալալյանի եւ Մստիսլավ Ռոստրոպովիչի ամուր բարեկամությունը սկիզբ է առնում Մոսկվայի Պետական կոնսերվատորիայում անցկացրած ուսանողական տարիներից՝ նրանք սովորում էին հայր եւ դուստր Կոզոլուպովների դասարանում: Այդ ընկերությունը պահպանվեց մինչեւ Գերոնտիի մահը:

 

Երկուսն էլ մեծ հումորի տեր մարդիկ էին, ծաղրերգության, իմպրովիզացիաներ խաղարկելու վարպետներ: Ընկերների յուրաքանչյուր հանդիպումն անմոռանալի էր դառնում՝ ուրախ պատմություններով եւ արկածներով համեմված:

 

Այս ընկերությունը ոչ միայն անձնական էր, այլեւ՝ ստեղծագործական եւ շատ դեպքերում հենց դրա շնորհիվ կամրջվեց հայ-ռուսական կատարողական արվեստը եւ հնարավորություն ստեղծվեց ներկայացնել մեր թավջութակի դպրոցը Հայաստանի եւ ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս: Հայրս իր ուսանողներին Մոսկվա էր տանում, այլ երաժիշտների հետ էր ծանոթացնում: Հենց հայրիկիս միջոցով Ռոստրոպովիչի հետ ծանոթացան մեր երաժշտական հանրության ներկայացուցիչներից շատերը:

Գերոնտի Թալալյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ Ալեքսանդր Հարությունյանը Գերոնտի Թալալյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ Ալեքսանդր Հարությունյանը

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Այս սիրողական լուսանկարն արվել է 1970-ականների կեսերին`Ռոստրոպովիչի հերթական այցի ժամանակ: Իր թանկագին ընկերոջ յուրաքանչյուր գալուն հայրս հատուկ կերպով պատրաստվում էր՝ մեծ ընդունելություններ էր կազմակերպում, կանչում էր բազմաթիվ ընկերներին: Մայրս սեղաններ էր գցում, որտեղ հաճախ իր տեղն ուներ խաշը, քանի որ Ռոստրոպովիչը այն շատ էր սիրում, եւ ուտում էր նույնիսկ համերգից առաջ:

Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը

Լուսանկարը` Ե.Թալալյանի արխիվից

Չնայած նրան, որ հետագայում երկու ընկերների հանդիպումները ավելի հազվադեպ դարձան, նրանք երբեք կապը չէին կորցնում եւ միշտ հավատարիմ էին միմյանց:

 

Այն տարիներին, երբ Ռոստրոպովիչը համարվում էր «անցանկալի անձ» եւ նրա անունը նախընտրում էին չբարձրաձայնել, հայրիկիս տանը, երեւացող տեղում փակցված էր նրա եւ Ռոստրոպովիչի համատեղ լուսանկարը:

Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Իհարկե, ժամանակի ընթացքում այս փաստը հասցրեցին ՊԱԿ-ի աշխատակիցներին: Հորս հրավիրեցին ՊԱԿ եւ «առաջարկեցին» հանել այդ լուսանկարը: Հայրս, իհարկե, հրաժարվեց դա անել`ասելով. «Այսօր Ձեր պաշտոնը կա, վաղն այն կարող է չլինել, իսկ Սլավան՝ մեծություն է եւ կմնա ընդմիշտ»:

 

Կարծում եմ, այդ մերժումը պատճառներից մեկն էր, որ հայրս երկար տարիներ արտասահման մեկնելու թույլտվություն չէր ստանում, սակայն նա երբեւէ չէր զղջացել դրա համար: 

 

Ողջ կյանքի ընթացքում հայրս առողջական խնդիրներ ուներ եւ Ռոստրոպովիչը շրջանցիկ ճանապարհներով նրան դեղորայք էր ուղարկում: Հայրս էլ այն կիսում էր Մհեր Մկրտչյանի հետ: Այն տարիներին Ռոստրոպովիչի հետ նամակագրությունը խստիվ արգելված էր, սակայն նա դեղերի հետ միշտ փոքրիկ նամակներ էր դնում, որոնց վերջում ստորագրում էր՝«Քո բժիշկ»:

 

Ռոստրոպովիչը նամակները գրեթե միշտ սկսում էր այսպես. «Герочка, джаник, балик- джан»: Այդ դիմելաձեւը Ռոստրոպովիչը հայրիկիցս էր փոխառել, ով իր ընկերոջը հիմնականում դիմում էր՝ «Славочка,балик-джан»:

 

Այդ նամակներից մեկը, որը հենց դեղատուփի վրա էր գրված, հետագայում շատ հայտնի դարձավ եւ երկար տարիներ այն արտատպում էին եւ միմյանց փոխանցում:

 

Ստորեւ ներկայացնում ենք հայտնի նամակի բնագիրը

(Հայաստանում տպագրվում է առաջին անգամ)

 

Дорогой, любимый балик джан, джаники Гера! Посылаю тебе лекарство-если не достаточно-дай знать,пришлю еще. Передай мою горячую любовь всем моим друзьям (по мединституту)-армянам. Всегда о вас, мои родные, помню.Получил приглашение от президента (премьер-министра) Турции для участия в их фестивале. Послал их в жопу из-за моей любви и преданности армянам. Может и Арарат вернем? Целую и обнимаю, твой доктор. (Подпись неразборчива).

(Թանկագին, սիրելի բալիկ ջան, ջանիկի Գերա: Ուղարկում եմ դեղդ՝ եթե չհերիքի, իմաց տուր, էլի կուղարկեմ: Բոլոր հայ ընկերներիս (բժշկական համալսարանի) ջերմագույն բարեւներ փոխանցի: Մշտապես մտածում եմ ձեր մասին, իմ հարազատներ, եւ հիշում: Ստացա Թուրքիայի նախագահի ու վարչապետի հրավերքը՝ իրենց փառատոնին մասնակցելու համար, սակայն նրանց գրողի ծոցը ուղարկեցի, քանի որ սիրում եմ եւ նվիրված եմ հայերին: Գուցե եւ Արարատը ե՞տ բերենք: Համբուրում եւ գրկում եմ: Քո բժիշկ: (Ստորագրությունը անընթեռնելի է):

 

Ընկերների վերջին հանդիպումը տեղի ունեցավ 1999 թվականին, երբ Ռոստրոպովիչն ընդամենը մեկ օրով եկել էր Երեւան: Հայաստանի նախագահի հետ հանդիպելուց առաջ նա տեսակցեց հորս: Ռոստրոպովիչը տեղյակ չէր, որ Գերան անկողնային հիվանդ է: Երբ կոնսերվատորիայում նրան ասացին, որ Թալալյանը այլեւս չի գալիս, նա պահանջեց, որպեսզի իրեն տանեն հորս մոտ, ասելով՝ «Ես պետք է տեսնեմ իմ մեծ ընկերոջը»:

 

Այդ ժամանակ, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, հայրս իր ընտանիքի հետ վարձով էր ապրում: Ռոստրոպովիչը, իմանալով, որ ընկերն առանց բնակարան է մնացել, անչափ վրդովված էր: Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ նա պատրաստակամություն հայտնեց բնակարան գնել իր ընկերոջ համար, սակայն նախագահը վստահեցրեց, որ այդ հարցը անպայման լուծում կստանա: Իսկապես, որոշ ժամանակ անց հայրս բնակարան ստացավ, որտեղ այժմ բնակվում է իր որդին՝ Արամ Թալալյանը:

Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ Ռոբերտ Քոչարյանը Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Հայրս չէր ուզում ԱՄՆ մեկնել եւ իր տեղը չէր գտնում (այդ ուղեւորությունը ստիպված քայլ էր՝ պայմանավորված նրա առողջական վիճակի հետ): Ամեն օր, կարոտախտով լցված, զանգում էր ընկերներին: Ինձ հետ խոսելուց հայրս ասում էր՝ «Ես պետք է հայրենիքում մահանամ, կարգին մարդն այստեղ ապրել չի կարող»:

 

Չնայած աստիճանաբար բարելավվող առողջական վիճակին եւ ուսանողների մեծ քանակին՝ նա վերադարձավ Հայաստան: Նման մեծագույն հոգու տեր մարդը չէր կարող մնալ առանց իր հարազատ քաղաքի, ընկերների:

 

Մեր վերջին խոսակցության ժամանակ նա ինձ ասաց. «Լենա, երբ իմ մասին գրում են, որ ես մեծ երաժիշտ եմ, դա մեծ չափազանցություն է: Ես երբեք երաժշտությամբ այդքան լուրջ չեմ զբաղվել: Սլավան՝ նա իսկապես մեծություն է, իսկ ինձ համար այս կյանքում ամենակարեւորը եղել է ընկերությունը»: Եվ դա իրոք այդպես էր:

 

Հենց ինքը՝ Ռոստրոպովիչը չափազանց բարձր կարծիքի էր Գերոնտի Թալալյանի մասին: Մեդիամաքսը ներկայացնում է 1971 թվականին նրա գրված կարծիքը.

Պատմում է Գերոնտի Թալալյանի այրին՝ Էմմա Թալալյանը

 

Երբ Ռոստրոպովիչը Երեւան էր ժամանում, օդակայանից անմիջապես գալիս էր մեր տուն: Շատ էր սիրում համեղ ուտել, եւ ես ամեն անգամ ինչ-որ նոր բան էի պատրաստում: Սլավան էլ, համտեսելիս, պարտադիր պետք է հարցներ. «Ինչու՞ անցյալ անգամ ինձ այս ուտեստը չես հյուրասիրել»:

 

Ռոստրոպովիչը շատ էր կապված Հայաստանի հետ՝ նա սիրում էի մեր մշակույթը, բնությունը, հետաքրքրվում էր մեր հոգեւոր ժառանգությամբ: Նույնիսկ վտարանդիության տարիներին երբեք չէր մոռանում Հայաստանը: Դրա մասին են վկայում Սպիտակի երկրաշարժից հետո արտերկրում տված նրա բարեգործական համերգները:

Մստիսլավ Ռոստրոպովիչը հանդիպում է Վազգեն Վեհափառին, 1972թ. Մստիսլավ Ռոստրոպովիչը հանդիպում է Վազգեն Վեհափառին, 1972թ.

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Ռոստրոպովիչն ու Թալալյանը շատ նման էին. երկուսն էլ կենասեր, արկածամիտ, ուրախ, իրենց գործին եւ ընկերությանը նվիրված, մարդկանց օգնելու մեծ պատրաստակամությամբ եւ սեփական սկզբունքներին երբեք չդավաճանող մարդիկ էին: Նրանց յուրաքանչյուր հանդիպումը մի ներկայացում էր, որի մասին հետո երկար խոսում էին:

 

Երբեք չեմ մոռանա, ինչպես Ռոստրոպովիչի հերթական այցի ժամանակ, Գերայի համերգից առաջ երկու ընկերները՝ հանդիպումից (եւ ոչ միայն) տաքացած, կախվել էին մեր բնակարանի պատուհանից եւ ողջունում էին անցորդներին: Ռոստրոպովիչը բարձր հայտարարում էր, որ համերգն անպայման կայանալու է, Թալալյանն էլ նրան ծափահարում էր: Ես էլ սարսափած նայում էի նրանց եւ մտածում, թե վերջը ինչ է լինելու: Բայց ամեն ինչ լավ ավարտվեց, հիասքանչ համերգ էր եւ անկրկնելի օր: Մինչեւ այսօր հիշում եմ նրանց դեմքերը (ծիծաղում է-հեղ.):

Ռոստրոպովիչի Մոսկվայի բնակարանում Ռոստրոպովիչի Մոսկվայի բնակարանում

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Մեկ այլ անմոռանալի  հիշողություն է Սլավայի այցը Հայաստան՝ ԱՄՆ մեկնելուց առաջ: Ամբողջ գիշեր նրանք Գերայի հետ երկուսով մեր տանը նվագում էին, մենք էլ՝ լուռ լսում էինք: Շատ եմ ափսոսում, որ հնարավորություն չկար ձայնագրել այդ բացառիկ համերգը:

 

Հետագայում Ռոստրոպովիչը պարբերաբար առաջարկում էր ընկերոջը տեղափոխվել ԱՄՆ, սակայն ամուսինս երբեք չէր ձգտում ուրիշ տեղ ապրել՝ առանց հարազատ քաղաքի նա իր կյանքը չէր պատկերացնում: Նույնիսկ հյուրախաղերի նրան չէին թողնում, խանգարում էին: Այստեղ դեր խաղաց նաեւ Ռոստրոպովիչի հետ սերտ ընկերություն անելու գործոնը: Ժամանակ առ ժամանակ նրան կանչում էին եւ հարցնում՝ արտերկիր մեկնելու դեպքում հանդիպելու՞ է «ժողովրդի թշնամու» հետ: Գերոնտի Թալալյանն էր պատասխանում էր՝ «Իհարկե՛ հանդիպելու եմ»:

Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը ընկերների հետ Երեւանում Գերոնտի Թալալյանը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը ընկերների հետ Երեւանում

Լուսանկարը` Է.Թալալյանի արխիվից

Տարիներ անց ստիպված եղանք մեկնել ԱՄՆ. ամուսնուս տեսողությունը սկսեց կտրուկ վատանալ: Քանի որ Գերան ԱՄՆ-ում բարեկամներ ուներ, որոշեցինք բուժումն այնտեղ անցկացնել: Մեկնելու համար ստիպված էինք ամեն ինչ վաճառել, այդ թվում՝ բնակարանը: ԱՄՆ-ում միայն պարզվեց, որ ախտորոշումը սխալ էր արված եւ դա սովորական կատարակտա էր…

 

Ապաքինվելուց հետո Գերան այդպես էլ չhամակերպվեց Ամերիկայում եւ որոշ ժամանակ անց, որդու հետ վերադարձավ Հայաստան: Գերոնտի Թալալյանը իրական հայրենասեր էր եւ համարում էր, որ մարդ պետք է ապրի հայրենիքում եւ նպաստի ազգի զարգացմանը: Որդուն՝ Արամին, նա սովորեցրեց նույն կերպ մտածել:

 

Արամ Թալալյանը թավջութակարար է, ՀՀ վաստակավոր արտիստ: 2009 թվականից հանդիսանում է Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Պահոց | Հունիս 29, 2024 10:19
Բաց կապույտ սենյակը
Մեր ընտրանին