1939 թվականին ճարտարապետ Միքայել Մազմանյանը աքսորվեց Նորիլսկ, որտեղ մնաց 18 տարի:
Նորիլսկում Միքայել Մազմանյանը եւ Գեւորգ Քոչարը ստեղծեցին Նորիլսկի եւ Դուդինկայի գլխավոր հատակագծերը: Աքսորի տարիների ընթացքում Մազմանյանին միայն մեկ անգամ հաջողվեց հանդիպել ընտանիքի հետ: Երկար սպասված հանդիպումը կայացավ 1951 թվականին, երբ նրա կնոջը՝ հանրապետության վաստակավոր արտիստուհի Վարդուշ Ստեփանյանին՝ կրտսեր աղջկա՝ Ռուզանի հետ, վերջապես հաջողվեց Նորիլսկ ուղեւորվել:
Պատմում է Միքայել Մազմանյանի թոռնուհին՝ Լիլիթ Տեր-Մինասյանը
1937 թ. աշնանը Մազմանյանին հենց աշխատավայրում ձերբակալեցին: Դժվար է ասել, թե ինչն էր հանդիսացել Մազմանյանին եւ Քոչարին աքսորելու իրական պատճառը: Ասում էին, կապ ուներ «Չարենցի գործոնը»՝ պապս շատ մտերիմ էր նրա հետ եւ բանաստեղծին Արշակ Չոպանյանից նամակներ էր փոխանցել:
Միքայել Մազմանյանը 1946 թվականինԼուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից
Այդ ժամանակ նա քաղաքաշինության արվեստանոցի ղեկավարն էր, աշխատում էր Լենինականի եւ Կիրովականի գլխավոր հատակագծերի եւ մի շարք այլ նախագծերի վրա: Անհեթեթ մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «դանդաղեցնում են» աշխատանքը, երբ իրականում հսկայական ծավալի գործ էր արվում: Պաշտոնապես նա մեղադրվում էր «նացիոնալիզմի եւ տրոցկիստա-բուխարինյան խմբին անդամակցելու համար»:
Ի դեպ, ձերբակալելուց մի քանի օր առաջ իրավապահ մարմիններում աշխատող մտերիմ մարդիկ Մազմանյանին խորհուրդ էին տվել բացակայել քաղաքից, սակայն նա իրեն մեղավոր չէր համարում եւ ոչ մի տեղ չգնաց:
Միքայել Մազմանյանի հետ աքսորման դատապարտեցին նաեւ նրա ընկերոջը՝ Գեւորգ Քոչարին: Այնպես ստացվեց, որ գրեթե ողջ կյանքի ընթացքում Մազմանյանն եւ Քոչարը կողք կողքի էին քայլում. միասին սովորում էին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետեւ՝ Մոսկվայում: Միասին վերադարձան Երեւան, միասին էլ լսեցին դատավճիռը՝ 25 տարվա աքսոր, որը իմանալուն պես ուրախացան եւ գրկախառնվեցին, քանի որ շատ անմեղ մարդկանց պարզապես գնդակահարում էին:
Մ. Մազմանյանի նախագծած Նորիլսկի Լենինի հրապարակի մանրակերտըԼուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից
Մազմանյանը ամեն ինչի մասին հումորով էր հիշում: Օրինակ, պատմում էր, որ ամենասկզբում նրանց`120-130 հոգու պահում էին ինչ-որ ամբարում եւ օրվա վերջում միշտ հաշվում էին, որպեսզի համոզվեն, որ ոչ ոք չի փախչել: Մի օր էլ այնպես է ստացվում, որ երեք վերահսկիչի մոտ տարբեր հաշիվ է դուրս գալիս: Բերում են չորրորդին, նա արագ–արագ հաշվում է, թիվն ասում է եւ բոլորը միանգամից համաձայնվում են: Պարզվում է՝ նա ժամանակին հովիվ էր եղել, որը սովոր էր գլխաքանակ հաշվելուն եւ նրան անվերապահորեն վստահում էին:
Իհարկե, Մազմանյանի ու Քոչարի բախտը բերեց, որ հետագայում նրանք կարողացան մասնագիտությամբ աշխատել եւ մեծ հարգանք վայելել: Ոչ միայն Նորիլսկն են կառուցել, այլեւ մշակել են անդրբեվեռային պայմաններում ցիցերի (сваи) վրա շենքերի հիմքեր հիմնելու սխեմաները: Բազմաթիվ շենքերից բացի, ճակատագրի հեգնանքով կառուցել են նաեւ Ստալինի տուն-թանգարանը:
Ստալինի տուն-թանգարանըԼուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից
Հայաստանից Մազմանյանի բացակայելու սկզբնական շրջանը չափազանց ծանր է եղել նաեւ նրա ընտանիքի համար. ընտանիքի անդամներին դուրս հանեցին իրենց բնակարանից, (ապրում էին «Մասնագետների» շենքում) եւ «տեղավորեցին» ինչ-որ կիսագետնափոր տարածքում: Վերցրեցին նաեւ բոլոր քիչ թե շատ թանկարժեք իրերը, այդ թվում՝ տատիկիս դաշնամուրը:
Ձերբակալել էին նաեւ Արուս Ոսկանյանի ամուսնուն եւ տատս պատմում էր, թե ինչպես էին նրանք թատրոնում մի տեղ փակվում, որ միասին լաց լինեն՝ դա զգացմունքներն արտահայտելու միակ միջոցն էր: Շատերի կանանց այդ տարիներին ձերբակալեցին, շատերը ստիպված բաժանվեցին ամուսիններից (այդ թվում՝ Քոչարի կինը): Բայց տատիկս սպասում էր, չնայած նրան, որ ողջ կյանքի ընթացքում վախի մեջ էր ապրում, սարսափում էր պատուհանների տակ լսվող մեքենայի ձայնից՝ թվում էր, թե իր հետեւից էլ են եկել: Արդեն մեծ հասակում, երբ իր մոտ քաղաքական անեկդոտներ էին պատմում, ասում էր՝ «աման, լռեք, մեզ կբռնեն»:
Մ. Մազմանյանը ՆորիլսկումԼուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից
18 տարվա ընթացքում տատիկիս եւ պապիկիս մոր կողմից բազմաթիվ նամակներ են գրվել ՝ Մազմանյանին հայրենիք վերադարձնելու խնդրագրերով, սակայն դրանք բոլորը անպատասխան մնացին: Ցավոք, Մազմանյանի մայրը այդպես էլ չտեսավ իր որդուն:
Շատ սուղ էր նաեւ նրանց ֆինանսական վիճակը: Վարդուշը շարունակում էր թատրոնում խաղալ, մասնակցում էր ռադիոներկայացումներին, կատարում էր ֆիլմերի կրկնօրինակումներ՝ամեն կերպ փորձում էր ընտանիքը պահել:
Որոշ ժամանակ անց նրանք նոր բնակարան տեղափոխվեցին: Դա տեղի ունեցավ Միկոյանի շնորհիվ՝ նա Կարո Հալաբյանի համադասարանցին էր եւ լավ ճանաչում էր Մազմանյանին: Իմանալով, թե ինչ վատ պայմաններում է ապրում նրա ընտանիքը, Միկոյանը օգնեց Ստալինի պողոտայում նոր բնակարան ստանալ, ինչպես նաեւ՝ վերադարձնել տատիկիս դաշնամուրը, որը նոր տիրուհին օգտագործում էր որպես սպասքի չորացուցիչ:
Մ. Մազմանյանի նախագծած դպրոցը ՆորիլսկումԼուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից
Անցան տարիներ, պապին սկսեց Նորիլսկից գումար ուղարկել, ֆինանսական վիճակը քիչ թե շատ կայունացավ: Իսկ 1951 թվականին վերջապես ստացվեց Նորիլսկ գնալու թույլտվությունը:
Նորիլսկ տատիկս ուղեւորվեց մայրիկիս հետ, որը գրեթե ոչինչ չէր հիշում հոր մասին: Երբ նրան ձերբակալեցին, մայրս ընդամենը 3 տարեկան էր: Նրանք երկար ճանապարհ անցան. սկզբում գնացին Մոսկվա, հետո՝ Կրասնոյարսկ, այնտեղից 7 օր նավով Ենիսեյով մինչեւ Դուդինկա:
Նորիլսկում տատիկս ու մայրս մնացին մեկ ամիս: Երբ պետք է Հայաստան վերադառնային, պապին սովորականի պես կենսուրախ էր, իսկ Քոչարը տխրել էր, ասում էր. «Ինչ պիտի անեմ առանց ձեզ»:
Մ. Մազմանյանը կնոջ եւ դստեր հետ ՆորիլսկումԼուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից
Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ 4 տարի անց՝ Ստալինի մահից հետո, պապին կվերադառնա Երեւան, ընտանիք եւ կշարունակի իր կյանքի գործը:
Քոչարը Մազմանյանի հետ Հայաստան չվերադարձավ` զբաղեցրեց Կրասնոյարսկի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
Պապիկի վերադարձին բոլորը պատրաստվում էին: Կայարանում ասեղ գցելու տեղ չկար եւ օտար մարդիկ մտածում էին, որ հավաքվածները եկել են ֆուտբոլային թիմ դիմավորելու:
Տանը սեղան նստելուն պես դուռը թակեցին եւ ներս մտավ կինտոի հագուստով մեկը, գլխին՝ կերակուրներով սկուտեղ եւ սկսեց «Քյորօղլի» երգել: Դա պապիս մտերիմ ընկեր, ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանն էր…. Իսկ հետո Մարկ Գրիգորյանը հայտնի դաշնամուրի վրա Օգինսկու պոլոնեզն էր կատարում, Վարազդատ Հարությունյանը, Սամվել Սաֆարյանն ու Գրիգոր Աղաբաբյանն էլ կենածներ էին ասում:
Հայրենիք վերադառնալուց հետո Մազմանյանը 16 տարի աշխատեց՝ մինչեւ մահը: «Երեւաննախագիծ» ինստիտուտի քաղաքաշինության բաժնի վարիչն էր, արժանացել էր վաստակավոր ճարտարապետի եւ Հայաստանի վաստակավոր արվեստի գործչի կոչումների: 1956-57թթ ընտրվել էր Հոգեւոր Խորհրդի անդամ եւ ղեկավարում էր Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը:
Միքայել Մազմանյանի նամակը կնոջը
(հրապարակվում է առաջին անգամ)
Սիրելի Վարթուշ ջան.
(Մազմանյանը կնոջ անունը միտումնավոր է գրել «թ»-ով. այդպես էր նրան անվանում Չարենցը՝ ակնարկելով վառ թշերը-Մեդիամաքս )
Ուղարկում եմ Նորիլսկ մտնելու թույլտվությունը, որի մի կտրոնը կվերցնեն Դուդինկայում եւ կտան տոմս՝ գնացք նստելու համար, իսկ մյուսը հարկավոր է այստեղ գրվելու համար միլիցիայում:
Նամակի բնօրինակըԼուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից
Փողն ուղարկել եմ հեռագրով՝ երեք հազար, կարծում եմ, կբավականացնի իբրեւ ճանապարհածախս:
Հավանական է, կգամ քեզ դիմավորելու Դուդինկա, իսկ եթե ինձ չհաջողվի այդ, քեզ կօգնի Կարո Մելիք-Օհաջանյանի եղբայրը, որն ապրում է այնտեղ: Առհասարակ օգնության կարիք էլ չես զգա, որովհետեւ եկողները շատ են: Հեռագիր կտաս ինձ Կրասնոյարսկից, թե ո՞ր շոգենավով դուրս եկար:
Իմ հասցեն.
Севастопольская улица, дом номер 6 кв номер 39.
Այստեղ աշխատում են հիանալի ավտոբուսներ: Եթե գաք աշխատանքի ժամին, իմ հեռախոսի համարն է. Горстрой 4-14 կամ 58.
Եթե ես ստանամ քո հեռագիրը, թե ո՞ր նավով դուրս եկար, կհետեւեմ նրա ընթացքին:
Հեռախոսով ինձ հետ կարող ես խոսել նաեւ Դուդինկայից:
Կարոյի եղբայրը այնտեղ հաշվապահ է, բոլորը նրան ճանաչում են ու ցույց կտան տեղը:
Նամակի բնօրինակըԼուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից
Այստեղ արդեն եղանակները լավ են, կանաչում է: Իրեր հետներդ շատ մի վերցրեք:
Կրասնոյարսկում նավի տոմս վերցնելիս եթե դժվարություն լինի, դիմիր Նորիլսկի կոմբինատի հյուրանոցին: Առայժմ այսքանը:
Համբույրներով՝ Միշա
30.VI.51
P.S. Թույլտվության վրա նշված ժամկետին ուշադրություն մի դարձրու. գրված է июль-август ամիսները, բայց կարելի է երկարացնել ըստ ցանկության:
Կրասնոյարսկում անմիջապես անցիր Նորիլսկի կոմբինատի հուրանոցը, ցույց կտաս այս թույլտվությունը, ամեն ինչ կանեն՝ улица Ленина 111.
Մ.
Աննա Բուբուշյան



















