Գաբրիել Ղազարյան. «Ընտանիքի հիմքը սերն ու վստահությունն են» - Mediamax.am

exclusive
222024 դիտում

Գաբրիել Ղազարյան. «Ընտանիքի հիմքը սերն ու վստահությունն են»

Գաբրիել Ղազարյանը
Գաբրիել Ղազարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Փաստեր

 

Ծնվել է 1972 թ. մարտի 12-ին Երեւանում:

 

1988-1992 թթ. սովորել ու գերազանցությամբ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտը:

 

1986-1992 թթ. հանդես է եկել Հայաստանի բասկետբոլի հավաքականում ու  հանրապետության բազմակի չեմպիոն դարձել:

 

1992-1994 թթ. Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոցում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ է աշխատել:

 

1993-2009 թթ. եղել է Երեւանի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցի բասկետբոլի մարզիչ: 1999 թ. դարձել է ուսումնական գծով փոխտնօրեն, իսկ 2007-ին՝ տնօրեն:

 

2002 թ. դարձել է Մանկավարժական գիտությունների թեկնածու, 2005թ-ին շնորհվել է դոցենտի կոչում:

 

2000-2006 թթ.  Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս:

 

2009-2010 թթ.  Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական համալսարանի մարմնամարզության եւ առողջ ապրելակերպի ամբիոնում դասախոս է աշխատել:

 

2010-2013 թթ. եղել է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի սպորտի բաժնի պետ, 2014 թ.` սպորտվարչության պետ:

 

2010 թ. նշանակվել է Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ:

 

2014 թ. մայիսի 3-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:

 

Հեղինակ է շուրջ 43 գիտական աշխատանքների եւ 1 դասագրքի` նվիրված ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզման տեսության եւ մեթոդիկայի խնդիրներին:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Բասկետբոլն արվեստ է, որը սովորեցնում է լինել ճկուն, մտածել ու գործել արագ

 

- Դուք մարզիկ եք եղել ու երկար տարիներ զբաղվել եք սպորտով: Ինչպե՞ս եք կատարել առաջին քայլերը սպորտում:

 

- 6 տարեկան էի, երբ սկսեցի թենիսով զբաղվել: Շուրջ երկու տարի մարզվելուց հետո հասկացա, որ պետք է մարզումներս շարունակեմ բասկետբոլում: Բասկետբոլն ինձ միանգամից գրավեց, այն շատ հարուստ մարզաձեւ է: Չնայած 8 տարեկան էի, բայց հասկացա, որ այն ինձ ավելի հոգեհարազատ է: Հոյակապ ժամանակաշրջան էր, որը ես միշտ ուրախությամբ ու կարոտով եմ հիշում:

 

- Բասկետբոլում ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ նվաճումը:

 

- Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, բայց կարեւոր եմ համարում այն, որ ինձ համար բասկետբոլով զբաղվելը կյանքի մեծ դպրոց հանդիսացավ, ու ես շատ բան սովորեցի: Տարվա ընթացքում գրեթե 11 ամիս ԽՍՀՄ տարբեր քաղաքներում մասնակցում էինք հավաքների կամ մրցաշարերի: Յուրաքանչյուր մարզիկի համար մարզիչը կարծես նաեւ ծնող է: Այդպիսին էին իմ թե առաջին, եւ թե հավաքականի մարզիչները, որոնց ես միշտ հիշում եմ:

 

- Իսկ կա՞ սպորտում մի բան, որին ձգտել եք, բայց այդպես էլ չեք հասել:

 

- Յուրաքանչյուր զինվոր էլ ցանկանում է գեներալ դառնալ: Չկա մի մարզիկ, ով չի մտածում օլիմպիական չեմպիոն դառնալու մասին, ես էլ բացառություն չեմ:

Գաբրիել Ղազարյանը հայ մարմնամարզիկների հետ Գաբրիել Ղազարյանը հայ մարմնամարզիկների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

- Դուք թիմային մարզաձեւի ներկայացուցիչ եք, ի՞նչ է անհրաժեշտ կոլեկտիվում հարմարվելու ու մեկ ընդհանուր նպատակի ձգտելու համար:

 

- Այո, թիմային մարզաձեւը թիմային մտածողություն է տալիս: Երեխայի թիմում խաղալը նրան սովորեցնում է եսասեր չլինել, մտածել թիմակիցների, խմբով հաջողության հասնելու մասին: Դա օգնում է նաեւ կյանքում: Բասկետբոլն էլ, որպես խաղային ձեւ, ինձ տվել է ամեն ինչ: Այն իսկական արվեստի ու խելքի խաղ է, որը սովորեցնում է ճկուն լինել, մտածել ու արագ գործել:

 

- Որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել եք Առինջ գյուղում: Ի՞նչ եք հիշում այդ տարիների Ձեր աշխատանքից:

 

- Շատ խանդավառված էի աշխատում: Հիշում եմ, որ մարզադահլիճը լավ վիճակում չէր: Առաջին քայլս ժողկրթբաժին գնալն էր, շատ էի ցանկանում, որ երեխաները լավ դահլիճում մարզվեն: Կարողացա ուզածիս հասնել, ու դասերն անցկացնում էինք արդեն վերանորոգված դահլիճում: Իմ աշակերտներից շատերին մինչ այժմ էլ հանդիպում եմ` մեր ընկերությունը շարունակվում է:

 

- Ղեկավարել եք նաեւ ջրացատկի ֆեդերացիան: Ի՞նչն է կապել Ձեզ այդ մարզաձեւի հետ:

 

- Ջրացատկը շատ գեղեցիկ մարզաձեւ է: Օլիմպիական կոմիտեում էի աշխատում, երբ ստանձնեցի  ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Իմ խնդիրը մարզաձեւը զարգացնելն ու բարձրացնելն էր, ինչը, կարծում եմ, ստացվել է: Անկախացումից ի վեր մենք հաջողություն չէիք ունեցել այդ մարզաձեւում, սակայն արդեն Եվրոպայի մեդալակիր ու պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշ ենք ձեռք բերել: Վստահ եմ, որ ապագայում լինելու են մեդալներ ու 2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

 

Երեխաները մեր կյանքն ավելի լուսավոր ու պայծառ են դարձնում

Գաբրիել Ղազարյանը հայրիկի հետ Գաբրիել Ղազարյանը հայրիկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

- Ինչպիսի՞ ընտանիքում եք դաստիարակվել:

 

- Ծնողներս մանկավարժ են: Հայրս սպորտային մանկավարժության աշխարհում ճանաչված գիտնական է, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսումնական հարցերով պրոռեկտորն է: Մայրս անգլերենի ուսուցչուհի է եղել, ու մանկավարժի ջիղը ինձ նրանից է փոխանցվել: Մեր տանը միշտ լեգենդար մարզիչների ու գիտնականների եմ տեսել, որոնք խորհրդային միության ֆիզիկական դաստիարակության տեսության կորիզն են կազմել: Իմ ծնողներից ես շատ բան եմ սովորել ու դեռ սովորում եմ, բայց ամենակարեւորը` նրանք ինձ ազնիվ ու պարկեշտ մարդ են մեծացրել:

 

- Իսկ երբ եկավ սեփական ընտանիք կազմելու ժամանակը, հե՞շտ կայացրիք այդ որոշումը:

 

- Այո, շատ հեշտ եմ կայացրել որոշումը: Կինս ու ես նույն դասարանում ենք սովորել: Դպրոցն ավարտելուց հետո ես Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում եմ սովորել, իսկ նա՝ ԵՊՀ-ում: Հետո սկսեցինք հանդիպել ու ժամանակի ընթացքում հասկացանք, որ` էլ ինչի՞ սպասել: Այդպես էլ ընտանիք կազմեցինք: 

Գաբրիել Ղազարյանը տիկնոջ հետ Գաբրիել Ղազարյանը տիկնոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

- Խոսենք նաեւ Ձեր երեխաների մասին՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեն նրանք ու արդյոք զբաղվո՞ւմ են սպորտով:

 

-Երեք երեխա ունեմ ու բոլորն էլ շատ սպորտային են: Ավագ աղջիկս Հերացու բժշկական համալսարանում է սովորում, ապագա ատամնաբույժ է: Տղաս` Տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է: Տղայիս նկատմամբ շատ խիստ եմ: Փոքր աղջիկս 10 տարեկան է ու դեռ դպրոցում է սովորում:

 

-Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում նրանց ծնվելուց հետո:

 

- Երեխաների ծննդից հետո ամեն ինչ փոխվում է: Կյանքն ավելի լուսավոր, ուրախ ու պայծառ է դառնում: Բայց նաեւ պատասխանատվությունն է ավելանում` միանգամից մեծանում ես ու լրջանում:

 

- Ո՞րն է, ըստ Ձեզ, ընտանեկան համերաշխ կյանքի գրավականը:

 

- Սերը, վստահությունը ու, բնականաբար, հարգանքը:

Գաբրիել Ղազարյանի երեխաները Գաբրիել Ղազարյանի երեխաները

Լուսանկարը` անձնական արխիվից

Սկսած գործը պետք է ավարտին հասցնել

 

- Ե՞րբ է սկսվում ու ավարտվում նախարարի օրը:

 

- Չգիտեմ, ես չեմ զգում, թե ինչպես է սկսվում ու ավարտվում այն: Աշխատանքի եմ գալիս շատ շուտ ու գնում, երբ ամեն ինչ ավարտում եմ: Դա կարող է ժամը 22:00-ին լինել, երբեմն էլ` ավելի ուշ:

 

- Այդ դեպքում ինչպե՞ս եք հասցնում ընտանիքի հետ ժամանակ անցկացնել:

 

- Շատ բարդ հարց է: Փորձում եմ կիրակիներն ընտանիքիս հետ լինել, երեխաների հետ ժամանակ անցկացնել, միասին ճաշել, ինչ-որ տեղ գնալ, լրացնել այն ամենն, ինչը չեմ հասցրել անել ողջ շաբաթվա ընթացքում: Երբ հայրիկը տանն է, իսկական տոն է (ծիծաղում է): Հանգստյան օրը ձգտում եմ նաեւ ընկերներիս հանդիպել, հաճախ հենց ընտանիքներով էլ հավաքվում ենք:

 

- Իսկ կա՞ ուտեստ, որը շատ եք սիրում:

 

- Ընդհանրապես ես գուրման եմ, սիրում եմ համեղ սնվել, բայց շատակեր չեմ: Նախընտրում եմ, որ սեղանը միշտ լիքը լինի: Ինքս չեմ պատրաստում, բացառություն է միայն խորովածը, դա լավ է ստացվում ինձ մոտ:

Գաբրիել Ղազարյանը Գաբրիել Ղազարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

- Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարեւոր սկզբունքը:

 

- Ցանկացած գործ սկսելուց առաջ հստակ իմանալ, թե ինչպես ես այն կատարելու: Գործը պետք է կամ շատ լավ անել, կամ չպետք է անել ընդհանրապես:

 

- Ի՞նչ սովորություն կամ հոբբի ունեք:

 

- Ժամանակին բանալիների կախազարդեր եմ հավաքել, նաեւ կրծքանշաններ, սակայն արդեն բոլորը բաժանել եմ:

 

- Ո՞վ է բոլոր ժամանակների Ձեր ամենասիրած մարզիկը:

 

- Մեկ մարզիկ կա, որի գրանցած արդյունքը ոչ մեկին դեռ չի հաջողվել կրկնել՝ դա Մայքլ Ջորդանն է: Նման մարզիկ չի եղել ու դժվար էլ լինի: Մարզիկները գալիս ու գնում են, բայց Ջորդանը հավերժ է:

Գաբրիել Ղազարյանը ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ Գաբրիել Ղազարյանը ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

- Ձեր սիրած գիրքը, որը հաճախակի եք կարդում:

 

-  Իմ սեղանի գիրքը «Կնքահայրն» է, որն անընդհատ վերընթերցում եմ: Գիրքն իր փիլիսոփայությամբ գրավում է ինձ:

 

Մեր երկիրը շատ երիտասարդ է

 

- Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանաք ապրել դուք ու Ձեր երեխաները:

 

- Բոլորս հանուն ավելի լավ Հայաստանի ենք աշխատում, հանուն մեր երկրի զարգացման: Հույս ունեմ, որ շուտով կտեսնենք այդ երկիրը: Եթե յուրաքանչյուրն իր աշխատանքը լավ կատարի, դա մեր հաջողության գրավական կլինի: Մեր երկիրը շատ երիտասարդ է, ժամանակի ընթացքում մենք դեռ շատ բաների կհասնենք: Ես լավատես եմ ու գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

 

Գաբրիել Սարգսյանի հետ զրուցել են Հասմիկ Բաբայանը եւ Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին