Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 5-6-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանի շենքում կանցկացվի «Վիքիկոնֆերանս Երեւան 2013»-ը, որը կամփոփի հայկական վիքի համայնքի տարեկան ձեռքբերումները եւ կմշակի վիքի-նախագծերի եւ ազատ բովանդակության զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասել է, որ այս տարի Վիքիկոնֆերանսին գրանցվել է ավելի քան 300 մասնակից Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից:
«Վիքիկոնֆերանսը հետապնդում է մի քանի նպատակ: Մենք ցանկանում ենք հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավել Հայաստանում իրագործվող վիքի-նախագծերում, որոնց միջոցով հայկական աշխարհը ներկայացվում է համացանցում: Համախմբելով նոր մարդկանց` մենք կարող ենք ավելացնել հայերեն Վիքիպեդիայում տեղադրվող հոդվածների թիվը, դրանց մշակումը սիրողական մակարդակից տեղափոխել մասնագիտական հարթություն»,- ասել է Սուսաննա Մկրտչյանը:
Սուսաննա Մկրտչյանը հիշեցրել է, որ հայերեն Վիքիպեդիայում արդեն տեղադրված է շուրջ 97 հազար հոդված, որոնց թիվն առաջիկայում կհասցվի 100 հազարի:
Կազմակերպության ղեկավարի կարծիքով, Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու գործին պետք է մասնակցի ողջ հասարակությունը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ IDeA հիմնադրամը, որը միավորում է հայտնի գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, ընկերներին ու համախոհներին, որոշել է աջակցել «Վիկիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը` Հայաստանում Վիքի-նախագծեր իրականացնելու հարցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: