Երեւան: Մեդիամաքս: Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած լրացումների առնչությամբ, «որոնք սպառնում են սահմանափակել մամուլի եւ արտահայտվելու ազատությունները՝ էապես ավելացնելով տուգանքները զրպարտության եւ վիրավորանքի համար»:
Freedom House-ի եվրոպական եւ եվրասիական ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենդտն ասել է.
«Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է պաշտպանել մամուլի եւ ազատ արտահայտվելու ազատությունները: Ցավոք, Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտվելու հնարավորությունը եւ կսպառնան լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը: Քաղաքացիական հասարակությունը քննադատել է օրինագիծը՝ նշելով, որ այն կարող է չարաշահվել եւ օգտագործվել անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու համար՝ քաղաքական գործիչներին եւ այլ ազդեցիկ հանրային գործիչներին քննադատելու համար: Հայաստանի իշխանություններին կոչ ենք առնում լրջորեն մոտենալ քաղաքացիական հասարակության եւ մամուլի կազմակերպությունների մտահոգություններին եւ չեղարկել օրինագիծը»:
















