Թերթերի պաշտոնական եւ իրական տպաքանակները - Mediamax.am

exclusive
31712 դիտում

Թերթերի պաշտոնական եւ իրական տպաքանակները


“Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը
“Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Photolure


Ողջ աշխարհում թերթերի տպաքանակները կրճատվում են` պայմանավորված "թվային հեղափոխությամբ”: Հայաստանում վերջին տարիների ընթացքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել` տպաքանակները շարունակում են չափազանց ցածր մնալ: Սակայն պարզվում է, որ իրականում թերթը լույս է տեսնում նույնիսկ ավելի փոքր տպաքանակով, քան պաշտոնապես նշում է իր էջերում:

Մեդիամաքս-ի թղթակիցը ուսումնասիրություն է կատարել, զրուցել օրաթերթերի պատասխանատուների, հրատարակչությունների եւ մամուլի տարածման գործակալությունների հետ:

 

Մի շարք երկրներում կա համապատասխան մարմին, որը հետեւում է թերթի տպաքանակին: Օրինակ, Ռուսաստանում պետական լիազորված մարմինն երաշխավորում է, որ թերթերի եւ ամսագրերի նշած տպաքանակն իրական է: Մինչդեռ հայաստանյան պարբերական մամուլի նշած տպաքանակի համապատասխանությունն իրականին ոչ ոք չի ստուգում:

 

Հայաստանում այսօր տպագրվում է մոտ 10 անուն հասարակական-քաղաքական օրաթերթ, որոնց համախառն միջին ընդհանուր տպաքանակը 40-50 հազար օրինակ է: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տրամադրած տվյալների համաձայն, ներկայումս հանրապետությունում  հաշվառված է 1167 թերթ եւ ամսագիր, որոնցից 797-ը թերթ է,  370-ը` ամսագիր:

 

Էլեկտրոնային ԶԼՄ-ների երեւան գալու արդյունքում հետզհետե նվազում է մամուլի տպաքանակը, իսկ թերթի պատասխանատուի համար առաջնային խնդիր դառնում տիրաժի առնվազն կայուն պահելը, ինչն իր հերթին պետք է թերթին եկամուտ բերի: Հատկանշական է այն փաստը, որ թերթերի տպաքանակը հազվադեպ է փոփոխության ենթարկվում:

 

Հայաստանում թերթերը գրանցվում են արդարադատության նախարարության պետական  ռեգիստրի բաժնում` երկու տարվա նախնական պայմանագրով, թերթի անվանումն այդ երկու տարվա ընթացքում պահելու իրավունքով: Հաշվառումից հետո բաժինը, ինչպես նշում է պետական ռեգիստրի բաժնի մասնագետ Սերգեյ Կարապետյանը, պետք է հետեւի, որ թերթերի վրա, օրենքով սահմանված կարգով, նշված լինեն լրատվական գործունեություն իրականացնողի անունը, տրման ամսաթիվը, տպաքանակը եւ լիցենզիան, իսկ տպաքանակի իրական թվին հետեւելու մասին օրենքում ոչինչ չի ասվում: Որքանո՞վ է թերթն անկեղծ իր ընթերցողի հետ:

 

“Հայաստանի Հանրապետություն” օրաթերթը, որը պետության պաշտոնաթերթի համարում ունի, տպաքանակի փոփոխություն կատարում է տարվա մեջ մեկ կամ երկու անգամ. “Ձմռանը` հունվար ամսին, ամռանը` արձակուրդների շրջանում, թերթի տպաքանակը նվազում է, սակայն մենք թիվ չենք կեղծում. մենք պաշտոնաթերթ ենք, որն ունի բաժանորդագրություն, ընթերցողների կայուն թիվ, թերթից օգտվում են պետական բոլոր օղակներն ու կազմակերպությունները”,- “Մեդիամաքս”-ին հայտնեց թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Արմեն Հովակիմյանը:

 

Ներկայումս պաշտոնաթերթի վրա տպաքանակ նշված չէ: Թերթի պատասխանատու քարտուղար Սամվել Սարգսյանի փոխանցմամբ, դա պայմանավորված է ամառային արձակուրդների եւ հետարձակուրդային շրջանում թերթի տպաքանակի նվազմամբ. “Հիմա տպաքանակը տատանվում է 2500-3000-ի սահմաններում, քանի որ կայուն չէ, դեռ չենք նշում, կարծում եմ` մեկ ամսվա ընթացքում կկայունանա, ամեն ինչ շուկայից է կախված”: Մեզ հետ զրույցում (սեպտեմբերի 9-ին) Սամվել Սարգսյանն ասաց, որ տվյալ օրվա համարի տպաքանակը մոտ 2800 էր. «Տպաքանակի փոփոխություն լինում է, բայց թերթի վրա կեղծ թիվ չենք նշում, սա պաշտոնաթերթ է: Լինում են դեպքեր, երբ պատվիրատուն 2800 օրինակ է պատվիրում, բայց մենք տպում ենք 3000, քանի որ պաշտոնաթերթը լինում է պետական հիմնարկներում, պետք է հավելյալ քանակ ունենալ»:

 

Նույն օրը “Մեդիամաքս”-ը  զրուցեց նաեւ “Տիգրան Մեծ” հրատարակչության գլխավոր հաշվապահի` Նունե Զաքարյանի հետ, ով նշեց, որ թերթերի կեղծ տպաքանակի համար իրենք պատասխանատու չեն. «Կան օրաթերթեր, որոնք, իրենց ռեյտինգը բարձրացնելու համար, թերթի վրա սխալ թիվ են նշում: Հարկային հաշվետվության մեջ ես ներկայացնում եմ այն թիվը, որը տպագրելու համար պատվեր եմ ստացել:  Կեղծիքների համար մեր հրատարակչությունը պատասխանատվություն չի կրում: Օրինակ, “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթն այսօր (սեպտեմբերի 9-ին) լույս է տեսել 2179 օրինակով, բայց թերթի վրա տպաքանակ չի նշել, “Հայոց աշխարհ”-ը` 2028 օրինակով` թերթի վրա անփոփոխ թողնելով իր տպաքանակի 3500 թիվը: Ճիշտ տպաքանակ է ներկայացնում “Առավոտ” օրաթերթը. տպագրվել է 2293 օրինակ, գրվել նույն թիվը»:

 

“Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով, կեղծ տպաքանակ նշելն այնքան էլ հեշտ չէ, այն կապված է հարկային պատասխանատվության հետ. “Դրա համար եւ մենք ենք պատասխանատու, եւ տպարանը: 3000 օրինակն էլ  թերթի համար բավական փոքր, սիմվոլիկ թիվ է: Մեկ թերթից, որը վաճառվում է 100 դրամով, մենք 40-ը տալիս ենք տպարանին, 30-ը` իրացնողին, խմբագրությանը մնում է ընդամենը 30 դրամ: Թերթն առնվազն պետք է 10 000 տպաքանակ ունենա...”: “Գինդ” տպարանը, որտեղ տպագրվում է “Հրապարակ” օրաթերթը, զերծ մնաց թերթի իրական պատվերի մասին տեղեկություն հրապարակելուց:

 

“Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը (Photolure)

 

Տպաքանակի իրական թվի մասին մեզ հետ խոսեց նաեւ “Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` ընթերցողին երաշխավորելով, որ վերջին տասը տարիների ընթացքում օրաթերթի վրա երբեք սխալ թիվ չի նշվել. “Կարող է մեկ-երկու անգամ վրիպակ եղած լինի, բայց, ընդհանուր առմամբ, մեր թերթի տպաքանակի ճշգրիտ լինելն արտացոլված է, այն հաճախ է փոխվում, շաբաթվա ընթացքում էլ են փոփոխություններ լինում, հիմնականում աշխատում ենք առանց վերադարձի, մամուլի տարածման գործակալությունների հետ պայմանագիր ունենք` առաքում են այնքան, որքան հնարավոր կլինի իրացնել”: 

 

Տպաքանակի փոփոխություններ քիչ են լինում “Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթում:   Օրաթերթի տնօրեն Մհեր Ղալեչյանի փոխանցմամբ, թերթի 5700 տպաքանակը մոտ երկու ամիս է կայուն է, իսկ վերադարձը տատանվում է 9-11% սահմանում: “Մեդիամաքս”-ը   փորձեց կապ հաստատել նաեւ “Չորրորդ ինքնիշխանություն” եւ “Հայկական Ժամանակ” օրաթերթերը տպագրող «Մեր տպարան» ՍՊԸ-ի հետ, որը “Հայկական Ժամանակ”-ի հետ նույն հարկի տակ է գտնվում: Այստեղ մեզ միայն ասացին, որ թերթերի նշած տիրաժը համապատասխանում է իրական թվին:

 

“Առավոտ” օրաթերթն այն եզակիներից է, որտեղ գրեթե ամեն օր տպաքանակի փոփոխություններ են գրանցվում: Օրաթերթի տնօրեն Պետրոս Պետրոսյանը “Մեդիամաքս”-ին հայտնեց, որ այն իրացնող գործակալությունների հետ փորձում են համակարգված աշխատել. “Առաքում ենք այնքան, որքան պահանջվում է, ամեն օր մենք թիվ ենք փոխում, ստելու ոչ մի պատճառ չունենք, ինքներս մեզ չենք խաբում, չենք տպի 300 հատ, հետո ասենք կամ գրենք` 3000 ”: Պետրոս Պետրոսյանի խոսքն ապացուցեց նաեւ հրատարակչության գլխավոր հաշվապահը` պատվերը՝ 2293, տպաքանակը՝ 2293:

 

“Հայոց աշխարհ” օրաթերթից էլ մեզ հայտնեցին, որ իրենց 3500 տպաքանակն անփոփոխ է, երբեմն կարող է աճել, եթե ինչ-որ մեկին անհրաժեշտ լինի, տպաքանակն ավելացնում են, մինչդեռ “Տիգրան Մեծ” հրատարակչությունում, որտեղ տպագրվում է օրաթերթը, մեզ միանգամայն այլ թիվ էր սպասում. 2028 օրինակ` 3500-ի փոխարեն (սեպտեմբերի 9-ի տվյալներով): 

 

Անփոփոխ է նաեւ “Ազգ” օրաթերթի 3000 տպաքանակը: Օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը “Մեդիամաքս”-ի հետ զրույցում  նշեց, որ  տպաքանակի իրական թվի եւ թերթի վրա նշվածի միջեւ տարբերություն լինում է. “Թերթի վրայի տպաքանակն ընդհանրապես չենք փոխում, հիմա մեզ մոտ 3000-ից ավել է` մոտ  3100, բայց էլի 3000 է գրվում: Անկում է նկատվում հատկապես ձմռանը` դեկտեմբերի 15-ից այն նվազում է մինչեւ 2300-2200-ի, բայց մենք կրկին չենք փոխում: “Ազգ”-ը տպագրվում է “Նոյան Տապան”  հրատարակչությունում, որտեղ գործիքները հին են, նման փոփոխություններ չենք կարող հաճախ անել”: Օրաթերթի իրական տպաքանակն ու պատվերը փորձեցինք ճշտել “Նոյան Տապան” հրատարակչությունից, որտեղ մեզ ասացին, որ նման ինֆորմացիա չեն կարող տրամադրել:

 

“Ազգ” օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը (PanArmenian Photo)

 

“Հայ Մամուլ” մամուլի տարածման գործակալությունից, որն աշխատում է երեւանյան 32 կրպակների, ՀՀ մարզերի եւ Արցախի հետ, “Մեդիամաքս”-ը ստացավ մեկ ամսվա կտրվածքով ամենաշատ վաճառվող օրաթերթերի ու երկօրյա թերթերի աղյուսակը, որտեղ պատկերը հետեւյալն է.

 

“Հայաստանի Հանրապետություն ”` 17 000 օրինակ

“Հայկական ժամանակ”`14 000 օրինակ

“Առավոտ ”`11 000 օրինակ

“Չորրորդ իշխանություն”՝ 10 000 օրինակ

“Ազգ ”` 5800 օրինակ

“Հրապարակ”`  4 000 օրինակ

“Ժամանակ ”` 4 000 օրինակ

“Իրավունք”` 3100 օրինակ

“168 ժամ”` 2 980 օրինակ:

 

Իսկ “Բլից մեդիա” մամուլի տարածման գործակալությունում “Մեդիամաքս”-ին տրամադրեցին օրաթերթերի տպաքանակի ընդհանուր վերադարձի մոտավոր թիվը.

 

“Հայաստանի Հանրապետություն ”` 10-20%

“Առավոտ ”`10%

“Ազգ ”` 30%

“Հայկական ժամանակ”` 10%

“Հրապարակ”` 30-40 %

“Հայոց աշխարհ ”`30-40%

“Ժամանակ ”` 30-40%

“Չորրորդ իշխանություն”`10-15%:

 

2008 թվականից գործող՝ “Մամուլի տարածողների ասոցիացիա” hասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Դավթյանը “Մեդիամաքս”-ի հետ զրույցում լուրջ խնդիր համարեց այն փաստը, որ խմբագիրները տեղյակ չեն թերթերի իրացման, վերադարձի կամ ընթերցողների մասին: Կազմակերպության ղեկավարի խոսքերով, իրենց գործունեության հիմնական նպատակը մամուլի տարածողների համակարգված աշխատանքն է, իրենք իրավասու չեն բարձրաձայնել այս կամ այն թերթի տպաքանակի կեղծ լինելու մասին` հաշվի առնելով այն փաստը, որ թերթը դա անում է գովազդ ունենալու, հայտարարություններ տեղադրելու նպատակով:

 

“Ազգ” օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով, մամուլի տպաքանակին հետեւող մարմնի բացակայությունը Հայաստանում ինչ-որ տեղ լավ է. “Հայաստանում շատ բաներ կան, որոնք լավ է, որ չկան: Որքանո՞վ ենք երաշխավորված, որ տվյալ մարմինը կգործի անաչառ, չի լինի կաշառակեր եւ կկատարի իր ճիշտ ֆունկցիան...”:

 

Մեր զրուցակիցները տպագիր պարբերականների համար կարեւոր  խնդիր համարեցին    ընթերցողներին չկորցնելն ու թերթ կարդալու ավանդույթը պահպանելը: Հաշվի առնելով էլեկտրոնային թերթերի առկայությունն ու նոր մեդիայի զարգացումը` մամուլի համար լուսավոր ապագա չտեսան “Հայաստանի Հանրապետություն” եւ “Առավոտ” թերթերի մեզ զրուցակիցները, որոնք, այնուամենայնիվ, դեռեւս շարունակում են առաջնային համարել օրաթերթի տպագիր տարբերակը: Հակոբ Ավետիքյանն էլ ասաց, որ թերթը չի կորի, բայց ժամանակի ընթացքում կվերանան ավելորդներն ու կմնան ավելի լուրջ, վերլուծական թերթերը: Լավատեսական էր տրամադրված “Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը. “Տպագիր լրատվամիջոցների համար լավ ապագա եմ տեսնում, պետք է այնպես անենք, որ ամեն գյուղ գոնե 100 թերթ մտնի, մեզ մոտ օնլայն հասարակություն դեռեւս չկա, հետեւաբար՝ մեր պետությանը տպագիր մամուլը պետք է”:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին