Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների եւ դրա ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների դեպքերի նախաքննության ընթացքի վերաբերյալ մանրամասներ:
ՔԿ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 19-ի ռազմական երկօրյա գործողությունների ընթացքում արձանագրվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց դիտավորությամբ, դաժանաբար մահ պատճառելու, նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու, խոշտանգման ենթարկելու, նրանց նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու, ինչպես նաեւ՝ զինծառայողների, քաղաքացիական անձանց դիերը խոշտանգելու, անարգելու ռազմական հանցագործությունների դեպքեր։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ռազմական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում զոհվել է 200-ից ավելի զինծառայող եւ քաղաքացիական անձ։
Շուրջ 12 քաղաքացիական անձ եւ 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա է առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպք, որոնցից 12-ը զինծառայող է, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետեւանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող եւ 80 քաղաքացիական անձ:
Բռնի տեղահանության ընթացքում եւ դրան անմիջապես հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում:
Նշվում է, որ քննության առարկա են դարձվել նաեւ Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների առեւանգումների, զինծառայողների գերեվարումների դեպքերը: Քննության ներկա փուլում առկա է 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման եւ 10 քաղաքացիական անձի առեւանգման մասին տվյալ, սակայն Ադրբեջանը 16 անձից միայն 9-ի մասով է հաստատել իր տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: