ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում խոսել է Արցախում իրականացված էթնիկ զտման մասին - Mediamax.am

Փետրվար 23, 2026
6529 դիտում

ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում խոսել է Արցախում իրականացված էթնիկ զտման մասին


Լուսանկարը` https://iravaban.net/


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Արդարադատության միջազգային դատարանում կայացած լսումների ժամանակ ասել է, որ գրեթե բոլոր հայերը ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Հաագայից, նիստը նվիրված էր ապահովող միջոցներին, որոնց ընդունումը հայկական կողմը հայցել է որպես Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման համար Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի մաս:

 

«Լեռնային Ղարաբաղում գործնականում էթնիկ հայեր չեն մնացել։ Եթե դա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ, թե ինչը կարելի է անվանել էթնիկ զտում»,- ասել է Կիրակոսյանը։

 

Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ այդ գործողությունների համար Ադրբեջանի պատասխանատվությունը պետք է սահմանվի գործն ըստ էության քննելիս։

 

«Սակայն, դուք դեռեւս կարող եք էական ազդեցություն ունենալ այսօր տիրող իրավիճակի վրա: Դեռ ժամանակ կա թույլ չտալու, որ էթնիկ հայերի հարկադիր վերաբնակեցումն անդառնալի դառնա, պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում փոքրաթիվ էթնիկ հայերին, ինչպես նաեւ առեւանգվածներին եւ ապօրինաբար ադրբեջանական բանտերում պահվողներին», - ասել է Եղիշե Կիրակոսյանը՝ դիմելով դատավորներին:

 

«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքները պաշտպանող միայն նպատակային, հստակ ապահովող միջոցները կկարողանան կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների շարունակությունը», - ասել է Հայաստանի ներկայացուցիչը։




Մեր ընտրանին