ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի առաջնորդները ափսոսում են, որ Սարգսյանն ու Ալիեւը վճռական քայլեր չեն ձեռնարկել - Mediamax.am

7345 դիտում

ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի առաջնորդները ափսոսում են, որ Սարգսյանն ու Ալիեւը վճռական քայլեր չեն ձեռնարկել


Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները

Լուսանկարը` http://gdb.rferl.org


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Մեծ քսանյակի Լոս-Կաբոսում կայացած գագաթաժողովի շրջանակներում ընդունել են համատեղ հայտարարություն ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներս, հավատարիմ ու միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Հակամարտության կողմերը չպետք է այլեւս հետաձգեն կարեւոր որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են  երկարատեւ եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն ձեռնարկել վճռական քայլեր, որոնց  մեր երկրները կոչ են արել նրանց Դովիլում 2011թ. մայիսի 26-ին արված համատեղ հայտարարություն մեջ: Այնուամենայնիվ, արդեն իսկ արձանագրված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքի ավարտին, որը կբերի համապարփակ խաղաղության ապահովման:

 

Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կատարել ստանձնած պարտավորությունը, այն է՝ արագացնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, որոնց մասին խոսվում է 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արված իրենց հայատարարության մեջ:    

 

Հաստատելու համար նրանց քաղաքական կամքը՝ կողմերին խորհուրդ է տրվում բանակցություններում ձեռնպահ մնալ ծայրահեղական դիրքորոշումներից, հավատարիմ մնալ հրադադարի մասին 1994 թ-ին կնքված համաձայնագրին եւ խուսափել լարվածությունը մեծացնող թշնամական հռետորաբանությունից: 

 

Մենք կոչ ենք անում առաջնորդներին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի հավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, եւ 2009թ. Ակվիլայում եւ 2010թ. Մուսկոկայում մեր երկրների կողմից արված հայատարարությունում առկա կարգավորման տարրերով:       

 

Ռազմական ուժի կիրառումը չի բերի խնդրի կարգավորման, այլ միայն տեւական կդարձնի տառապանքը եւ աղետները, որոնց արդեն երկար ժամանակ ենթարկվել են տարածաշրջանի ժողովուրդները: Միայն բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորումը թույլ կտա գտնել ելքը ստեղծված իրավիճակից եւ ապահովել անվտանգ ապագա եւ տարածաշրջանի բարգավաճում:

 

Մեր երկրները կշարունակեն սերտ աշխատանքը կողմերի հետ: Մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը: Սակայն, վերջին հաշվով, խաղաղության ճակատագիրը կախված է լինելու կողմերի փոխըմբռնման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ շահելու հաշվին համաձայնության հասնելու պատրաստակամությունից,  եւ այն բարօրության ընդհանուր գիտակցումից, որը խաղաղություն կբերի իրենց ժողովուրդներին ու գալիք սերունդներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին