Լավրով. Երեւանը «հասկանում է ԼՂ հայերին համոզելու անհրաժեշտությունը» - Mediamax.am

5171 դիտում

Լավրով. Երեւանը «հասկանում է ԼՂ հայերին համոզելու անհրաժեշտությունը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին շուտափույթ հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»։

Հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Սերգեյ Լավրովը, մասնավորապես, նշել է.

 

«Բազմաթիվ բարդ եւ կարեւոր խնդիրներ կան լուծելու։ Դրանցից ամենազգայունը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից 1991թ. Ալմա-Աթայում ստորագրված Հռչակագրին համապատասխան: Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը կառուցվում է դրան համապատասխան:

 

Հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին շուտափույթ հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու իրավունքները, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ՝ բազմաթիվ կոնվենցիաները ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին։

 

Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց։ Հայերը պատրաստ են նույնն անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների հանդեպ բոլոր  կոնվենցիաների կիրառման հարցում»։

 

Ռուսաստանցի նախարարը նաեւ նշել է, որ «այս փուլում ամենամոտ արդյունքը կարող է լինել երեք փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբում համաձայնության ձեռքբերումը, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ»։

 

«Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաեւ տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի լայն բնույթ»,- նշել է Լավրովը։

 

«Հասկանում ենք հայկական եւ ադրբեջանական կողմերի շահագրգռվածությունը օգտագործել ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլեւ ուրիշների միջնորդությունը: Ողջունում ենք բոլոր նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնելու Բաքվին եւ Երեւանին համաձայնություն գտնելու հարցում, ովքեր մեզ նման աշխատում են այս ուղղությամբ։ Բայց չպետք է փորձեր արվեն արհեստականորեն պարտադրելու որոշակի պայմանավորվածություններ ոչ թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական նկատառումների»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին