Հարձակումը Չինարիի ուղղությամբ կասեցվել է` 3 զոհ եւ վիրավորներ հայկական կողմից - Mediamax.am

4338 դիտում

Հարձակումը Չինարիի ուղղությամբ կասեցվել է` 3 զոհ եւ վիրավորներ հայկական կողմից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 4-ի լուսադեմին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում տեղի ունեցած ընդհարման արդյունքում զոհվել են 3 հայ զինծառայողներ, կան վիրավորներ:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

 

Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է, եւ տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:

 

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ հունիսի 2-ին Տավուշի մարզի Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի մերձակայքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել էր սահմանագծի միակողմանի արտահերթ դիտարկում: Դիտարկման ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել էր հունիսի 1-ին սահմանագծում արձանագրված միջադեպը, որի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը: ԵԱՀԿ պաշտոնյաները հանդիպել էին Այգեպար, Մովսես եւ Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ, լուսանկարահանման եւ տեսագրման միջոցով արձանագրել են գնդակոծությունների հետքերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին