Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է:
«Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից եւ սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է: Իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը եւ ՌԴ-ն, որն անվտանգային պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ:
Ո՞րն է ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա ճանապարհային քարտեզը. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ Հայաստանի եւ ԼՂ հանրությունը ՌԴ-ից», - կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ «եթե ՌԴ-ն ԼՂ-ում անվտանգություն եւ կայունություն չի կարողանում ապահովել, ապա պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկում նախաձեռնի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ բազմազգ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»:
«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Հայաստանը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է եւ ջատագովը, սակայն մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: