Երեւան: Մեդիամաքս։ Արցախի պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների եւ պատասխանատուների մասնակցությամբ:
Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով կառավարությունում Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով:
Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է, եւ, ըստ էության, Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ՝ պետնախարարը շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորություններն ու ներուժն այն վերահսկելու համար:
Ռուբեն Վարդանյանը կարեւորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների եւ վարչական շրջանների միջեւ արդյունավետ կապի եւ հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:
















