Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը քայլ է կատարվել խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ:
«Դա շատ օգտակար ու կարեւոր հանդիպում էր: Շատ կարեւոր հարցեր են հնչել: Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյ՞ոք մենք գնում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում: Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարեւորագույն նրբություններից մեկ այս հարցի պատասխանն էր:
Ռուսաստանցի գործընկերները հայտարարել են, որ ճիշտ մոտեցում կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով: Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն հնարավորություն չկա գտնել կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի: Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է այս տեսլականին»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանը եռակողմ հանդիպմանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարացնել.
«Տարբերակներ են՝ անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով: Առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային:
Ակնհայտ է՝ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության երաշխավորման կարեւորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ եւ երաշխիքներ անվտանգության ու իրավունքների ապահովման համար»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: