Արարատ Միրզոյանը քննարկել է Արցախի խնդիրը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում - Mediamax.am

3469 դիտում

Արարատ Միրզոյանը քննարկել է Արցախի խնդիրը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, մարտի 17-ին կայացած հանդիպմանը Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ:

 

Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած մասնակցությանը եւ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:

 

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում եւ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։

 

Արարատ Միրզոյանը եւ Միրչա Ջոանան նաեւ մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

 

Արարատ Միրզոյանը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետեւանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանակարներին ու հնարավորություններին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին