Եվրամիություն. Լեռնային Ղարաբաղը պետք է կարգավիճակ ունենա - Mediamax.am

5342 դիտում

Եվրամիություն. Լեռնային Ղարաբաղը պետք է կարգավիճակ ունենա


Լուսանկարը` guim.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ պետք է հավելյալ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման համար, որը կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ժոզեպ Բորելի հայտարարությունն արվել է Եվրոպական միության անունից:

 

«Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ`Ռուսաստանի միջնորդությամբ  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերի 9-ին համաձայնեցված հրադադարից հետո: ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը:

 

ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է վտանգել հրադադարի ռեժիմը: ԵՄ-ն նաեւ կոչ է անում տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին: ԵՄ-ն ուշադիր կհետեւի հրադադարի դրույթների իրականացմանը, հատկապես դրա մշտադիտարկման մեխանիզմի իրագործմանը», - ասված է հայտարարության մեջ:

 

ԵՄ-ում նշել են, որ ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է` վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությանը:

 

«Եվրամիությունը գտնում է, որ պետք է հավելյալ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման համար, որը կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձեւաչափին` համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի առաջնորդությամբ՝ հասնելու այդ նպատակին: ԵՄ-ն պատրաստ է նպաստել հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորմանը, այդ թվում, իրավիճակի կայունացման, հետկոնֆլիկտային վերականգնման եւ վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

 

ԵՄ-ն հիշեցրել է, որ վճռականորեն դեմ է ուժի կիրառմանը, մասնավորապես, կասետային զինամթերքի օգտագործմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց: Բորելը շեշտել է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է հարգվի եւ կոչ է արել կողմերին իրականացնել ռազմագերիների փոխանակման եւ զոհերի աճյունների վերադարձի մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով հոկտեմբերի 30-ին Ժնեւում կայացած հանդիպմանը:

 

«ԵՄ-ն կարեւորում է տեղահանված բնակչության համար հնարավոր լավագույն պայմանների երաշխավորումը՝ հումանիտար մուտք եւ կամավոր, անվտանգ, արժանապատիվ վերադարձ ունենալու Լեռնային Ղարաբաղ եւ նրա հարակից շրջաններ: Եվրամիությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում մշակութային եւ կրոնական ժառանգության օբյեկտների պահպանման եւ վերականգնման կարեւորությունը: Ցանկացած ռազմական հանցագործություն, որը կարող է տեղի ունեցած լինել, պետք է հետաքննվի:

 

Եվրոպական միությունը եւ անդամ պետություններն արդեն իսկ զգալի հումանիտար օգնություն են տրամադրում ՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու համար եւ պատրաստ են տրամադրել օգնություն նաեւ հետագայում»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին