Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի հայտարարության 9 կետերը - Mediamax.am

24906 դիտում

Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի հայտարարության 9 կետերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ներկայացնում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության տեքստը, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին:

«1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

 

2. Աղդամի շրջանը վերադարձվում է ադրբեջանական կողմին մինչեւ 2020թ. նոյեմբերի 20-ը:

 

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներ, 90 միավոր զրահամեքենաներով, 380 միավոր ավտո եւ հատուկ տեխնիկայով:

 

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է  Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման տեղակայման ժամկետը 5 տարի է`հաջորդ 5-ամյա ժամանակահատվածների ավտոմատ երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:

 

5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայվում է խաղաղապահ կենտրոն:

 

6. Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ չի տարածվի Շուշի քաղաքի վրա, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

 

Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիներին որոշվելու է Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի կապը Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ՝ հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի վերաբաշխմամբ:

 

Ադրբեջանի երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների երթեւեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

 

7. Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

 

8. Իրականացվում է ռազմագերիների եւ այլ պահվող անձանց եւ զոհվածների  մարմինների փոխանակում:

 

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները:

 

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»:

 

***

 

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել էր հետեւյալ գրառումը.

 

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

 

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

 

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

 

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

 

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

 

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

 

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եվ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:

Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին