Երեւան: Մեդիամաքս: Եթե Անկարան չփոխի իր քաղաքականությունը, Ֆրանսիան ձգտելու է Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների սահմանմանը:
Ինչպես հաղորդում է Կոմերսանտը, ելույթ ունենալով Europe 1 ռադիոկայանի եթերում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ առաջիկա օրերին Փարիզը մտադիր է քննարկել կոնկրետ գործողությունները ԵՄ այլ անդամների հետ:
Նա հիշեցրել է Թուրքիայի «ագրեսիվ գործողությունների» մասին եվրոպական սահմանների հարեւանությամբ` Լիբիայում, Միջերկրական ծովի արեւելյան մասում, Լեռնային Ղարաբաղում եւ Հյուսիսային Իրաքում:
Նախարարի խոսքով ՝ Թուրքիայի ղեկավարության գործողությունները դուր չեն գալիս ամբողջ Եվրամիությանը. «Դա վերաբերում է ոչ միայն Ֆրանսիային, այդ հարցում առկա է լիակատար եվրոպական համերաշխություն»:
Նախորդ օրը, ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում, Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր.
«Մենք Անկարայի հետ լուրջ տարաձայնությունների երկար ցուցակ ունենք, բայց վերջին շաբաթներին մենք տեղափոխվել ենք հարաբերությունների անընդունելի մակարդակ: Վիրավորանքները, զրպարտությունները, Ֆրանսիայի եւ Եվրոպայի դեմ ատելության արշավ հրահրելու ցանկությունը բոլորովին այլ բնույթ ունեն: Դրանք սպառնալիքներ են: Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը անհապաղ վերջ կդնի այս պահվածքին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: