Փաշինյանը պատմել է Պոմպեոին իր կողմից տրված հարցերի մասին - Mediamax.am

3648 դիտում

Փաշինյանը պատմել է Պոմպեոին իր կողմից տրված հարցերի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի արցախա-ադրբեջանական շփման գծում արդեն երրորդ անգամ հայտարարված հրադադարը պահպանվի:

«ԱՄՆ նախագահն անձամբ էր շնորհավորել ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ: Մենք, իհարկե, դեռ չգիտենք, թե ինչպես նա կարձագանքի հրադադարի ձախողմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հայտնել է, որ երեկ կեսգիշերին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

 

«Իրեն ուղիղ ասել եմ՝ քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար՝ արդեն երրորդը, կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Գլխավոր հարցը, որ դրել եմ ԱՄՆ պետքարտուղարի առաջ. եթե հրադադարը չպահպանվի, ինչպե՞ս ենք պարզելու, թե ով է դրա մեղավորը, եւ ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը խախտող կողմի համար: Ես հիմա կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ պատասխան է տվել Պոմպեոն, բայց հույս ունեմ, որ այս հարցերի պատասխաններն այսօր հրապարակային ամերիկյան կողմից կստանանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներն ամենայն անկեղծությամբ ուզում են այդ հրադադարը հաստատվի, իրենց անունն են դնում այդ ջանքների տակ:

 

«Միացյալ Նահանգների դեպքում այս հարցն ավելի է սրվում, որովհետեւ այնտեղ հիմա նախընտրական արշավ է, եւ խոսքը, ըստ էության, գնում է միջազգային իրավիճակի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողության մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարը նկատել է, որ այս ողջ ընթացքում Հայաստանը եղել է առավելագույն ճկուն, սակայն այլեւս ակնհայտ է, որ «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում, այլ Արցախի կապիտուլյացիա է ուզում»:

 

«Հայ ժողովուրդը պատրաստ է անգամ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի: Պետք է դիմակայելու, մեր իրավունքները պաշտպանելու ռեսուրսներ գտնենք, որպեսզի իրավիճակի վրա ազդենք այնպես, որ Ադրբեջանը եւս պատրաստ լինի փոխզիջումների»,-  նշել է Նիկոլ Փաշինյանը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին