ԱԳՆ. Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան կստանա - Mediamax.am

2543 դիտում

ԱԳՆ. Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան կստանա


Լուսանկարը` Armenpress/Gevorg Perkuperkyan


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 16-ի երեկոյան ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել ՀՀ տարածքում:

«ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան: Ադրբեջանի չդադարող փորձերը՝ ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը եւ դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Հոկտեմբերի 16-ի երեկոյան ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաեւ հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

 

«Հատկանշական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաեւ տարածեց սադրիչ եւ բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջեւանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելաոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում:

 

Նախօրեին Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են նաեւ Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին