Երեւան: Մեդիամաքս: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, սենատոր Քամալա Հարիսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ագրեսիայի կապակցությամբ:
«Իմ սիրտն այն մարդկանց հետ է, ովքեր կորցրել են սիրելիներին: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Թրամփի վարչակազմը պետք է անի ավելին, որպեսզի օգնի հասնել հրադադարի, դադարեցնի Թուրքիայի ու Իրանի միջամտությունը, որպեսզի մշտադիտարկողներ տեղակայվեն տեղում եւ վերսկսվեն բանակցությունները տեւական, դիվանագիտական լուծման ուղղությամբ: Անհապաղ գործողություններ են անհրաժեշտ՝ կյանքեր փրկելու համար»,- ասված է Քամալա Հարիսի հայտարարության մեջ:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը եւս հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի պայմանավորվածության խախտմամբ եւ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածներում մարտերի վերսկսմամբ:
Անհասկանալիորեն, այս հակամարտության վերջին սրացման ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ էր եւ չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ պետքարտուղար Պոմպեոն անգամ մեկ հեռախոսազանգ չեն ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Դիվանագիտությունը Մոսկվային պատվիրակելու փոխարեն, ԱՄՆ վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում ՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ ՝ մարտերը դադարեցնելու եւ երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար»:
ԱՄՆ նախագահի թեկնածուն նշել է, որ Թրամփի վարչակազմը պետք է հստակ հայտնի Ադրբեջանին, որ չի հանդուրժելու այս հակամարտության ռազմական լուծում պարտադրելու Բաքվի ջանքերը:
«Այն պետք է հասկացնի Հայաստանին, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անորոշ ժամանակ գրավված մնալ եւ որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն արժանահավատ բանակցությունները հակամարտության տեւական լուծման շուրջ: Վերջապես, ԱՄՆ վարչակազմը պետք է վերջ տա Անկարայի համար դայակի տեր տանելը եւ ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը, ինչպես նաեւ ռազմական լուծումը խրախուսող ռազմաշունչ հռետորաբանությունը անպատասխանատու պահվածք է:
Դիվանագիտական լուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը դա փորձելու պարտավորություն ունի»,- ասել է Ջո Բայդենը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: