Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն խստագույնս դատապարտել է զոհվածների եւ ռազմագերիների փոխանակման համար մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունների խախտումն Ադրբեջանի կողմից:
«Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։
Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն եւ անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,- ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
















